Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) նշում են, որ արդյունքների մասին կտրամադրեն հավելյալ տեղեկատվություն:
Նշենք՝ երեկ՝ հունիսի 7-ին, Ջրականի (Ջաբրայիլի) շրջանում կատարված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել էր ևս 2 աճյուն, նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված մարմինների և աճյունների ընդհանուր թիվն այս պահին 1560 է։