ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառներից է այն, որ Կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն ու առհասարակ՝ մարդու իրավունքները չի դնում քննարկումների ու որոշումների հիմքում:
Այդ մասին տարածած հայտարարությունում շեշտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ)՝ արձանագրելով, որ դրա համար էլ Կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում իր քաղաքացիների իրավունքները և առաջնահերթ` սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում:
«Չի կարելի պետական սահմաններին վերաբերող բոլոր հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից, այն էլ պայմանավորված պատերազմի հետևանքներով և ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության պայմաններում:
Հիմքում պետք է դնել մարդու և առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքները, սահմանային բնակչության բնականոն կյանքի պայմանները (կյանքի, սեփականության, արժանապտիվ ու անվտանգ ապրելու, երջանկության ձգտելու (pursuit of happiness) և այլ իրավունքներ): Այս դիրքերից առավել ուժեղ ենք նաև միջազգային հարթակներում:
Այսպես շարունակվելու դեպքում թերություններն ու ձախողումները միայն ավելանալու են:
Չպետք է մոռանալ, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային պարտադիր սկզբունքներից են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը»,-ասված է Արման Թաթոյանի տարածած հայտարարությունում:
Մեկ այլ հրապարակմամբ էլ Արման Թաթոյանը հայտարարում է, որ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով:
«Օրինակ` նրանք 2021թ. հունիսի 5-ին գողացել և մինչ օրս չեն վերադարձրել Կութ գյուղի հովվի80-ից ավելի եղջերավոր կենդանիները։Պաշտպանի աշխատակազմի ճշտած տվյալներով` այդ կենդանիները պատկանում են Կութ գյուղի 5 ընտանիքի:
Խոսքը, մասնավորապես, հունիսի 5-ի միջադեպի մասին է, երբ ադրբեջանական զինված ուժերը 30 րոպե տևողությամբ կրակահերթ էին արձակել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի հովվի ուղղությամբ։ Հովիվը կարողացել էր ձիով փախուստի դիմել, սակայն կրակահերթից ձիու ոտքը վնասվել էր: Ավելին, այդ ընթացքում ադրբեջանական զինվորականները հովվի եղջերավոր կենդանիներից 4-ին կրակահերթով սպանել էին։
Պետք է ավելացնել ադրբեջանական զինծառայողների կողմից 2021թ. հունիսի 6-ին Գեղարքունիքի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրում շուրջ 20 ձի գողանալու փորձը, Սյունիքի Տեղ համայնքի Արավուս գյուղում մայիսի 23-ին, Խնածախ գյուղում մայիսի 29-ին եղջերավոր կենդանիների գողության կամ կենդանիներ մասամբ այդպես էլ չվերադարձնելու դեպքերը և այլն:
Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողություններըսոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Այս գյուղերում մարդկանց զբաղմունքը և ապրուստը հոգալու, ընտանիքի եկամուտը վաստակելու հիմնական կամ միակ միջոցը անասնապահությունն է:
Պետք է հաշվի առնել նաև նրանց կողմից ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, հովիվներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը և այլն:
Սյս բոլոր դեպքերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի հավաքած ապացույցներով:
Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ նրանք մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:
Նշված արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն արարքները կատարում են թե՛ Սյունիքի, թե՛ Գեղարքունիքի մարզերի գյուղերի բնակիչների՝ հովիվների նկատմամբ:
ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:
Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, թե ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները»,-ասված է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունում: