Միացյալ ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ հայ-ադրբեջանական սահմանի առնչությամբ, մասնավորապես, Ադրբեջանի կողմից «միջազգային ճանաչում ունեցող սահմանը վերականգնելու միջոցառումների վերաբերյալ»։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նամակում նշված է, թե Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են հստակեցնել միմյանց միջև սահմագիծը՝ «կողմերի տրամադրության տակ գտնվող պաշտոնական քարտեզների հիման վրա»։
Յաշար Ալիևն ընդգծել է, թե այդ գործընթացն իրականացվում է կողմերի միջև անմիջական տեխնիկական շփումների միջոցով՝ նրանց սահմանային ծառայությունների մասնակցությամբ, ու որ՝ նման շփումները նպաստում են սահմանների խնդիրների լուծմանը, որոնք առաջացել են Որոտան (Կուբաթլու), Քարվաճառ (Քելբաջար) և Կովսական (Զանգելան), շրջանները «ազատագրելուց» հետո։
Նա բարի կամքի դրսևորում է որակել այն, որ Ադրբեջանը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին օգտագործել Գորիս-Կապան մայրուղին, որի մի մասը, ըստ ադրբեջանցի դիվանագետի, այս «տարածաշրջանում սահմանագծի հստակեցումից հետո անցնում է Ադրբեջանի տարածքով»:
«Հայաստանը դեռ չի համակերպվել հարևան պետության սահմանները հարգելու անհրաժեշտության հետ և շարունակում է ոտնձգություն կատարել նրա տարածքային ամբողջականության նկատմամբ»,- Անտոնիո Գուտերեշին հղած նամակում ընդգծել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը՝ հավելելով, որ 2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավարությունը գտնվում է այս տարածքում, և բանակցություններ են տարվում Սև լճի (Գարագյոլ) շուրջ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:
Ադրբեջանցի դիվանագետի պնդմամբ՝ իրենք «միջազգային գործընկերներին տրամադրել են ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը», իսկ «Հայաստանը շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը»։
«Ադրբեջանը որևէ պետության հողերի նկատմամբ հավակնություններ չունի, բայց իր տարածքի ոչ մի թիզ չի զիջի որևէ մեկին։ Ադրբեջանը հակված է երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի միջազգայնորեն ճանաչված սահմաններում միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Մենք Հայաստանից նույնատիպ մոտեցում ենք ակնկալում»,- ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հղած նամակում ընդգծել է այդ կառույցում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 12-ին հայտնեց, որ այդ օրը՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
ՀՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներն այս ընթացքում մի քանի մետր խորացել և դիրքավորվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, չնայած հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողություններին՝ այս պահին դեռ շարունակում են գտնվել ՀՀ տարածքում:
Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են զինծառայողներին դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթաց՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բազմիցս ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը, իսկ մայիսի 27-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրելիրավիճակի հանգուցալուծմանն ուղղված իր պաշտոնական առաջակը՝ ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և նաև՝ Ադրբեջանին: Ըստ առաջարկի՝ երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումները Սոթք-Խոզնավար տարածքից պետք է վերադառնան մշտական տեղակայման վայրեր, դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող, որից հետո արդեն կրկին միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «հայկական կողմը անհամարժեք է արձագանքում սահմանների հստակեցման գործընթացին»։
Մինչդեռ այս օրերին Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ արձանագրված ծեծկռտուքի դեպքերից զատ (Մայիսի 20-ին Սյունիքի Խոզնավար գյուղի պետական սահմանից 1.5 կմ առաջացած ադրբեջանցիների հետ ծեծկռտուքի հետևանքով 11 հայ զինվոր է վնասվածք ստացել) հակառակորդը նաև կրակոցներ է արձակել օդ, իսկ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածը հատած հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր է արձակել, որի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը։ Իսկ վերջին օրերին՝ հունիսի 5-ին և հունիսի 6-ին, Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքների ընթացքում պարզել է, որ ադրբեջանական զինվորականները կրակահերթ են արձակել Գեղարքունիքի Կութ գյուղի արոտավայրում մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ արածեցրած հովիվի ուղղությամբ, գողացել 80, սպանել 4 եղջերավոր կենդանու, հունիսի 6-ին էլ փորձել են գողանալ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրի հովվի (սարատեղիի բնակիչ) շուրջ 20 ձիերը:
Հայաստանի դատախազությունը տարածքային ամբողջականության խախտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը