Վրաստանն ու Հայաստանը վերկանգնում են կորոնավիրուսային համաճարակի պատճառով ընդհատված երկաթգծային հաղորդակցությունը. Երևանից Բաթումի առաջին գնացքը կուղևորվի հունիսի 15-ին։
ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լուրն այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան։
«Ցանկանում եմ ասել, որ վերականգնվել է երկաթգծային հաղորդակցությունը Հայաստանի ու Վրաստանի միջև։ Արդեն հունիսի 15-ին Երևանից առաջին գնացքը Թբիլիսիով կուղևորվի Բաթումի։ Սա նշանակում է, որ մեր դաշնակից, հարևան երկրից զբոսաշրջիկները կգան Վրաստան, մեր սևծովյան հանգստավայրեր, մեր մայրաքաղաք, այլ զբոսաշրջային վայրեր»,- ասել է Տուրնավան։
Գործակալությունը, հիշեցնելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև ուղևորատար գնացքների երթևեկությունը դադարեցվել է 2020-ի մարտ ամսից, նշում է, որ Վրաստանն այս տարվա հունիսի 1-ից բացել է ցամաքային սահմաններն իր ամենամոտ հարևանների հետ։