Մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի ընթացքում զարմիկը դանակահարել ու սպանել է քեռուն - RadioVan.fm

Онлайн

Մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի ընթացքում զարմիկը դանակահարել ու սպանել է քեռուն

2021-06-07 16:37 , Право, 1233

Մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի ընթացքում զարմիկը դանակահարել ու սպանել է քեռուն

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. հունիսի 5-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում տղամարդու դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել 1966թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքով:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի քրոջ որդին:

«Նախնական տվյալներով՝ 2021թ. հունիսի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 1966թ. ծնված տղամարդու և նույն տանը բնակվող վերջինիս քրոջ որդու միջև, որի ընթացքում տղամարդը հայհոյել և փորձել է փայտի կտորով հարվածել զարմիկին, ինչից հետո վերջինս բռունցքով հարվածել է մորեղբոր դեմքին, իսկ դանակով` կրծքավանդակին: Միջադեպից հետո տղամարդը բարձրացել է տուն, իսկ արդեն հաջորդ օրը՝ հունիսի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, վերջինիս քույրը եղբորը հայտնաբերել է մահացած վիճակում»,-ասված է քննչականի տարածած հաղորդագրությունում։

ՀՀ ոստիկանությունից էլ նշում են, որ ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով Շենգավիթի քրեական հետախույզները համագործակցել են ՔՈ գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ։

«Համատեղ աշխատանքի շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ տուժողն ու քրոջ որդին բակում մեքենա կայանելու հարցի շուրջ վիճել են, որի ընթացքում էլ զարմիկը դանակահարել էր քեռուն»,-մանրամասնում է ոստիկանությունը՝ հավելելով, որ 31-ամյա կասկածվողը դեպքից ժամեր անց հայտնաբերվել է, բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին:

Նա խոստովանական ցուցմունք է տվել ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Лента

Рекомендуем посмотреть