Դիլիջանում 15-18 տարեկանների համար բացվել է առաջին ԱԹՍ կրթական աշխատանոցը, դրանք կհիմնվեն ՀՀ և Արցախի 64 քաղաքներում ևս - RadioVan.fm

Онлайн

Դիլիջանում 15-18 տարեկանների համար բացվել է առաջին ԱԹՍ կրթական աշխատանոցը, դրանք կհիմնվեն ՀՀ և Արցախի 64 քաղաքներում ևս

2021-06-07 15:41 , Наука, HiTech, 1163

Դիլիջանում 15-18 տարեկանների համար բացվել է առաջին ԱԹՍ կրթական աշխատանոցը, դրանք կհիմնվեն ՀՀ և Արցախի 64 քաղաքներում ևս

Հունիսի 6-ին Դիլիջանի Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում պաշտոնապես բացվել է «Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաջին կրթական աշխատանոցը։

Այդ մասին հայտնում են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հանրային կապերի բաժնից։

Նշվում է, որ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցի ծրագիրն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է: Այն իրականացնում է ԱՏՁՄ-ը՝ «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից մշակված մեթոդաբանությանը համապատասխան:

Աշխատանոցները նախատեսված են 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Դրանցում պատանիները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։

«Ի տարբերություն նմանատիպ այլ նախագծերի՝ «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ները։

Ծրագրի նպատակն է Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների և թե՛ հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար։ Այս նպատակի իրագործման համար ԱՏՁՄ-ն դեռ 2021 թվականի հունվարին մեկնարկեց «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաքը, որի արդյունքում նպատակ է դրվում 2021 թվականին հիմնադրել 25, իսկ 2022 թվականին՝ 40 ԱԹՍ աշխատանոց։ Նպատակային գումարը կազմում է 422 միլիոն դրամ, որից 52 միլիոն դրամն արդեն հավաքվել է վերջին ամիսներին։

Հիշեցնենք, որ այս ոլորտում ԱՏՁՄ առաջին քայլերը դեռ 2013 ու 2016 թվականներին կազմակերպված ԱԹՍ մրցույթներն էին։ Իսկ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի օրերին` հոկտեմբերի 15-ին, «Արմաթ» լաբորատորիաների հիմնադիր Կարեն Վարդանյանի ընտանիքն սկսեց «ԱԹՍ վերազինում» նախաձեռնությունը, որին մասնակցեց շուրջ 600 ընտանիք։ Այժմ այս նպատակով նվիրաբերություն կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Արմաթ» ԻԼ պաշտոնական կայքի «Նվիրաբերել» բաժին՝ մեկնաբանության հատվածում թողնելով «ԱԹՍ» գրառումը»,-մանրամասնում են ԱՏՁՄ հանրային կապերի բաժնից։

Միաժամանակ տեղեկացվում է, որ Դիլիջանում առաջին աշխատանոցի բացմանը հաջորդած միջոցառման ընթացքում հավաստագրեր են հանձնվել «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների խմբավարի վերապատրաստում անցած մասնագետներին։

«Խմբավարները երկուս ու կես ամիս շարունակ վերապատրաստում են անցել «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից։ Դասընթացը մեծ մասամբ իրականացվել է Երևանում, որոշ գործնական հանձնարարություններ՝ Գյումրիում։ Վեց մարզերից այսօր վկայական ստացած խմբավարները շուտով կգլխավորեն իրենց համայնքներում ստեղծվելիք խմբակները», - նշել է «Արմաթ» ԻԼ ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Лента

Рекомендуем посмотреть