ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին արձակուրդ է տրամադրվել՝ հունիսի 7-18-ը ներառյալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564 - Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-ից 18-ը ներառյալ:
2. Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ծովինար Սողոմոնյանը»,-ասված է վարչապետի պաշտոնակատարի՝ հունիսի 4-ի որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանի՝ հունիս 4-ի մեկ այլ որոշմամբ էլ հունիսի 7-18-ը ներառյալ արձակուրդ է տրամադրվել նաև նրա գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝
Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ»,- ասված է վարչապետի պաշտոնակատարի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ այսօր պաշտոնապես մեկնարկել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որը կընթանա մինչև հունիսի 18-ը ներառյալ: Մրցապայքարին մասնակցող 26 քաղաքական ուժերի շարքում է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Փաշինյանը, իսկ Արսեն Թորոսյանը և Արայիկ Հարությունյանը ցուցակի 10-րդ և 11-րդտեղերում են։