Այսօր պաշտոնապես մեկնարկում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որը կընթանա մինչև հունիսի 18-ը ներառյալ:
«Բոլորին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներինբացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը»,-ընտրական գործընթացի մասնակիցներին ուղղված կոչով է հանդես եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։
Հիշեցնենք՝ 2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի (ԱԺ) արտահերթ ընտրությունների մրցապայքարին մասնակցելու հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք: Մրցապայքարում ներգրավված են ՀՀ բոլոր նախկին ղեկավարները և գործող ղեկավարը:
Այսպես՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրական ցուցակը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համարն է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թեև կուսակցական ցուցակներում ներկայացված չէ, բայց նրա ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Հայրենիք» կուսակցության հետ միավորվել և մասնակցում է ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքով, որի աշխատանքներին երրորդ նախագահն ակտիվորեն մասնակցում է։ Իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։