«Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հուղարկավորության թափորն այսօր «Սան Լազարո» սգո սրահից ծափերի ուղեկցությամբ շարժվել է դեպի Շահումյանի գերեզմանատուն, որտեղ և Արթուր Սարգսյանը հուղարկավորվել է:
«Հաց բերողի» հուղարկավորությանը մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական և մշակութային գործիչներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կուսակցությունների ղեկավարներ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն, ով նախորդ տարի՝ հուլիսի 26-ին, առավոտ վաղ ճեղքելով ոստիկանական պատնեշը՝ հաց էր հասցրել 10 օր անոթի վիճակում ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին, մահացել է մարտի 16-ին, ժամը 15.40-ին՝ «Արմենիա» ԲԿ-ում:
2016 թ. հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։
Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։
2016 թ. դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից:
2017 թ. փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց` փետրվարի 3-ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով, մինչդեռ նա ներկայացել էր քննչական մարմին փետրվարի 6-ին:
Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ և, նրա փաստաբանների կարծիքով, պատճառ դարձավ մահվան։
Արթուր Սարգսյանի երկրորդ ձերբակալությունից հետո Երևանում տեղի ունեցան նրա ազատության պահանջով բողոքի մի շարք ցույցեր և երթեր։
Մարտի 6, 2017 – ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարեց մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորության միջնորդությունն ու Արթուր Սարգսյանին ազատ արձակվեց:
2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ին Արթուր Սարգսյանը օղակված ճողվածքի կապակցությամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը կատարվել էր անհետաձգելի վիրահատություն: Նրա մոտ առկա էր աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Ըստ բժշկական հաստատության տարածած հաղորդագրության՝ կատարվել էր ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։ Վաղ հետվիրահատական շրջանում Արթուրի մոտ զարգացել էր սուր սրտանոթային և թոքային անբավարարություն, միացվել էր արհեստական շնչառության սարք։
Վերը նշված հիվանդությունների մեծ մասը զարգացել կամ ձեռք էին բերվել անազատության մեջ գտնվելու ժամանակ՝ Հաց Բերող Արթուր Սարգսյանի ավելի քան 25 օր տևած հացադուլի ընթացքում, որը վերջինս իրականացնում էր ի նշան ՀՀ դատախազության կողմից իրեն առաջադրված մեղադրանքների: Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Սարգսյանը հետվիրահատական բարդության հետևանքով 2017 թվականի մարտի 16-ին ժամը 15:40-ին՝ ազատության մեջ հատնվելու 10-րդ օրը, մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։
Արթուր Սարգսյանի թեկնածությունն «Ավրորա» մրցանակի համար առաջադրելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում մրցանակը տրամադրող հանձնաժողովին։ Մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ հնարավորություն են տալիս մարդկանց գոյատևելու և հասնելու բարեկեցության։ «Ավրորայի» քարտուղարությունը և անկախ դիտորդները հավակնորդների մեծ ցուցակ կներկայացնեն ընտրող հանձնաժողովին, որից հետո ընտրող հանձնաժողովը 2017 թվականին կհայտարարի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները, իսկ նույն թվականի ապրիլի 24-ին տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը:
Արթուր Սարգսյանի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ