Ականապատ քարտեզների հետ կապված ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի նոր հայցը ՄԻԵԴ-ը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ - RadioVan.fm

Онлайн

Ականապատ քարտեզների հետ կապված ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի նոր հայցը ՄԻԵԴ-ը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ

2021-06-04 15:38 , Право, 1187

Ականապատ քարտեզների հետ կապված ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի նոր հայցը ՄԻԵԴ-ը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ

Սույն թվականի հունիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից սույն թվականի հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:

Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

«Եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գանգատը դիտարկել է որպես սույն թվականի հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան:

Այսպիսով, Եվրոպական դատարանը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ:

Նշվում է, որ իր հերթին ՀՀ կառավարությունը սույն թվականի մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դեռևս 2021 թվականի փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին լրացումներ՝ հավելելով նախկինումներկայացված պահանջները և կցել նոր ապացույցներ:

Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել»,-ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեռ փետրվարի 22-ին նամակով դիմել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ բողոք հայտնելով, թե Հայաստանը պատերազմի ավարտից հետո չի փոխանցել Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքների ականապատման վերաբերյալ քարտեզները:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ի պատասխան հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է արդարացման հիմքեր ապահովել՝ ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգով։

Лента

Рекомендуем посмотреть