16 հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև մյուս հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու հոգեբանական ճնշումը միջազգային իրավունքի վտանգավոր խախտման նախադեպ են:
Այդ մասին այսօր տարածած հայտարարությունում շեշտում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)՝ ընդգծելով, որ հստակ է, որ գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ՝ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով։
ԱԳՆ հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․
«Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Շարունակելով խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ռազնագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրանադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո, Ադրբեջանը ևս 14գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում, ինչը նաև խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները:
16 հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև մյուս հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու հոգեբանական ճնշումը միջազգային իրավունքի վտանգավոր խախտման նախադեպ են: Հստակ է, որ գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ՝ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով։
Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:
Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը՝ հերքելով տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքը։ Ավելին, Ադրբեջանը հերքում է նույնիսկ այն անձանց գերեվարումը, որոնց՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու վերաբերյալ առկա են հստակ ապացույցներ թե՛ տեսանյութերի և թե՛ հայրենադարձած գերիների վկայությունների տեսքով, ինչը մի շարք ծանր հանցագործությունների կատարման կասկածանքի հիմք է տալիս:
Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի»:
Նշենք՝ Բաքվում հունիսի 2-ին մեկնարկել է երկու հայ ռազմագերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։ Նրանք գերեվարվել են ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հոկտեմբերի 20-ին: Ադրբեջանի իրավապահները պնդում են, որ 90-ականներին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում, նրանք ադրբեջանցի ժողովրդի դեմ ծանր հանցանքներ են գործել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ ևս 14 հայ ռազմագերիների, որոնք գերեվարվել են արցախյան երկրորդ պատերազմի ավարտից՝ պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո՝ Խծաբերդում 2020-ի դեկտեմբերին, գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Ադրբեջանիպետական անվտանգության ծառայության պնդմամբ՝ գերեվարված հայ զինվորականները նոյեմբերի 26-27-ը «անօրինականորեն հատել են Ադրբեջանի պետական սահմանը՝ դիրքավորվելով Հադրութ ավանի հյուսիս-արևմտյան հատվածում»։
Ըստ այդմ՝ նրանք մեղադրվում են «հրազենի և այլ առարկաների գործադրմամբ ահաբեկչության, զենքի ապօրինի ձեռքբերման, ինչպես նաև սահմանն ապօրինի հատելու մեջ»:
Հիշեցնենք՝ պատերազմի ավարտից հետո մինչ օրս Բաքվի բանտերից Հայաստան է վերադարձվել 72 հայ այն դեպքում, երբ Արցախի մարդու իրավունքների պաշտպանն օրեր առաջ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին հղած նամակում ընդգծել է, որ Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի հայ ռազմագերիներ են պահվում։
Պաշտոնական Բաքուն, սակայն, բազմիցս հայտարարել է, որ բոլոր ռազմագերիներին վերադարձրել է եռակողմ հայտարարության համաձայն, իսկ ներկայում պահվող հայ գերիները, ըստ ձևակեպրման՝«ահաբեկիչ» և «դիվերսանտներ» են: