Այսօր՝ Տիկնիկների միջազգային օրը, մայրաքաղաքի սրտում՝ Աբովյան փողոցի 1/1 հասցեում, քաղաքացիների առջև իր դռներն է բացել Հայաստանում տիկնիկների առաջին թանգարանը: Ցուցասրահները լեցուն են եղել բազմաթիվ այցելուներով, հյուրերով՝ համակված ջերմությամբ ու խինդով:
«Ամանորյա հրաշք»՝ այսպես է բնորոշել պատկերասրահի ստեղծման գաղափարի հեղինակ, արվեստաբան Մարինա Խաչմանուկյանը օրվա իրադարձությունը: Տասը տարի տիկնիկների ցուցահանդեսներով, տիկնիկների մասին ինտերնետային կայքի ստեղծմամբ, տիկնիկների վերաբերյալ հոդվածներով և ելույթներով հանդես եկած արվեստաբանը վաղուց է երազել տիկնիկների թանգարան ստեղծելու մասին: 2016-ի Ամանորի նախաշեմին ահա՝ առաջարկով դիմել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին ու ստացել դրական արձագանք: Թանգարանի գաղափարի իրագործումն էլ հնարավոր է դարձել մասնավոր անձի ներդրման շնորհիվ։
Հայկական ծիսական, պաշտամունքային, տարազային, թատերական գեղարվեստական և հեղինակային թվով 300 տիկնիկ է ցուցադրված թանգարանում: 192 տիկնիկը միայն՝ պատկերասրահի առաջին խոշոր նվիրատուի՝ ամերիկահայ Ալիս Նավասարգյանի, 40 տարիների հավաքածուն է, մնացյալը՝ 16 հայ տիկնիկագործի աշխատանքներն են:
Միջոցառման մանրամասները՝ ռեպորտաժում.
Լուսանկարները՝ ստորև.
1914թ. կառուցված շենքը, որի մի մասն էլ զբաղեցնելու է Տիկնիկների պատկերասրահը, պատմամշակութային արժեք ունի, իսկ 1921թ. այստեղ ապրել է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, այդ բակում է ապրել նաև քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանը։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան