Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտարարություն է տարածել, ըստ որի՝ քաղաքացիներին հիշեցվում է, որ թուրքական ծագման ապրանքների ժամանակավոր ներմուծման արգելքը տարածվում է ոչ միայն իրավաբանական, այլև Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ:
«ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում ենք իրենց ուղեբեռներում չունենալ թուրքական ծագման անձնական օգագործման ապրանքներ և զերծ մնալ արգելված ապրանքների ներմուծումից` հետագայում խնդիրներից խուսափելու համար»,-նշում է ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի պետի ժ/պ Հայկ Ավետիսյանը։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ Բագրատաշենի մաքսակետում անդրադարձել են նաև օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական համարանիշերով բեռնատար տրանսպորտային միջոցների Հայաստան մուտքի խնդրին, ընդգծելով, որ մաքսային մարմինն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է խիստ վերահսկողություն:
Հայկ Ավետիսյանի վստահեցմամբ՝ օտարերկրյա, այդ թվում թուրքական բեռնատարներով ապրանքների ներկրման դեպքում մաքսային մարմինը հետևում է բացառապես տրանսպորտային միջոցներում առկա ապրանքների մաքսային ընթացակարգի պատշաճ կատարման ընթացքին. «Իսկ տրանսպորտային միջոցի և այն տնօրինող անձի սահմանահատումների հետ կապված սահմանափակումների հարցը ՊԵԿ տիրույթից դուրս է, և ըստ էության,չկան այդպիսի սահմանափակումներ: Թուրքական բեռնատարներով, օրինակ, կարող են միջազգային բեռնափոխադրումներ իրականացվել, ուբացարձակ պարտադիր չէ,որ այդ ներմուծումը լինի հենց Թուրքիայից, այն կարող է լինել ցանկացած այլ պետությունից»:
Ի հավելումն նշվում է, որ մաքսակետում օր օրի ավելանում է բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը․ 2021թ. հունվար-մայիս ամիսներին մաքսակետով սահմանը հատել է ավելի քան 70 հազար բեռնատար, թողունակությունը ամսական միջինը կազմել է մոտ 15 հազար մեքենա:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմ Էկոնոմիկայի նախարարության, 2020 թվականի հոկտեմբերի 16-ին շրջանառեց «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման նախագիծը:
Նշվել էր, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: «Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան»,-ասված էր նախագծում:
Տեղեկացվել էր, որ արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: