Թաթոյանը Ալիևի հայատյաց ելույթների առնչությամբ դիմել է միջազգային կառույցների ղեկավարներին - RadioVan.fm

Онлайн

Թաթոյանը Ալիևի հայատյաց ելույթների առնչությամբ դիմել է միջազգային կառույցների ղեկավարներին

2021-06-02 01:35 , Право, 946

Թաթոյանը Ալիևի հայատյաց ելույթների առնչությամբ դիմել է միջազգային կառույցների ղեկավարներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԵԱՀԿ գործող նախագահի՝ հայատյացության ու թշնամանքի տարրեր պարունակող ելույթներից հատվածներ է ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Օմբուդսմենի տարածած հայտարարությունում ասված է․

«Ադրբեջանի նախագահը 2021թ. մայիսի 20-ին և 28-ին հանդես է եկել ելույթներով, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են:

Ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով ուղարկվել են ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Դրանք ուղարկվել են նաև ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-իՌասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների:

Այս անգամ խոսքը վերաբերում է`

1) Նիզամի Գյանջևու անվան միջազգային կենտրոնի կազմակերպած «Հարավային Կովկաս․ տարածաշրջանային զարգացում և համագործակցության հնարավորույթյուններ» թեմայով քննարկմանը (մայիսի 20, 2021թ.).

2) Աղդամում տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպմանը (մայիսի 28, 2021թ.):

Ելույթների նշված մասերով Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի ձևակերպումներ ու բառեր, որոնցով նպատակ է հետապնդում վիրավորել ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, լարվածություն առաջացնել հայկական հասարակությունում: Այդ բառերը բնույթով ահաբեկող են: Այդ ելույթներում ընդգծվում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ միայն էթնիկ պատկանելիության հիմքով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս մշտադիտարկման նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որն էլ հենց իրականում ընկած է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում` դաժանությունների հիմքում, վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը»:

Лента

Рекомендуем посмотреть