Իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ տեղեկացնում է նոր նախաձեռնության՝ «Ընտրությունների վերահսկման կոմիտե» ձևավորելու մասին։
Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես, գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հունիսի 20-ին նշանակված արտահերթխորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր Հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից։ Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։
Այս առումով թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։
Վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով՝ մենք, հինգ հանրային գործիչներս, որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։ Կոմիտեի ծրագրերի և աշխատանքների վերաբերյալ հունիսի 2-ին ժամը 15։00-ին Opera Suite Hotel-ում հանդես կգանք մամուլի ասուլիսով։ Հասցե՝ Ռաֆայել Լեմկին 1/3, մուտքը՝ Բաղրամյան պողոտայից։
Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան
Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր
Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ
Աղասի Ենոքյան, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար
Անահիտ Սարգսյան, փաստաբան»։
Հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ՀՀ ոստիկանությունն էլ այսօր տարածած հայտարարությամբ տեղեկացնում է արագ արձագանքման ծառայության ստեղծման մասին։ Այն գործելու է 011 37 02 36 հեռախոսահամարով։