«Ես կմաղթեմ՝ թշնամիները դառնան հայ»․ հ․ 172 դպրոցի առաջին դասարանցին՝ Հունիսի 1-ի մաղթանքով - RadioVan.fm

Онлайн

«Ես կմաղթեմ՝ թշնամիները դառնան հայ»․ հ․ 172 դպրոցի առաջին դասարանցին՝ Հունիսի 1-ի մաղթանքով  

2021-06-01 20:21 , Общество, 1767

«Ես կմաղթեմ՝ թշնամիները դառնան հայ»․ հ․ 172 դպրոցի առաջին դասարանցին՝ Հունիսի 1-ի մաղթանքով

Հակոբ Օշականի անվան հ. 172 հիմնական դպրոցի բակն այսօր վաղ առավոտից տոնական գույներ էր ստացել․ դպրոցն առաջին անգամ տոնում էր Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Գունեղ փուչիկներ, օճառե պղպջակներ, երգ, պար, կավճանկարչություն․ տնօրինությունն այս կերպ՝ բաց երկնքի տակ նշանավորեց փոքրիկների օրը։

«Դուք պաշտպանված եք և՛ տանը և՛ դպրոցում, և բանա՛կն է մեզ պաշտպանում, և զինվորնե՛րն են մեզ պաշտպանում, դուք էլ պետք է լավ սովորեք, որ ձեզ պաշտպանեք»,-շնորհավորելով ամենափոքրիկ աշակերտներին՝ առաջին դասարանցիներին, ասաց դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանը։

Երեխաներն իրե՛նք էլ մաղթանքներ ունեին։

«Խաղախություն և ուրախություն», «Ես կմաղթեմ՝ թշնամիները դառնան հայ»,-հնչեցին փոքրերի շուրթերից։

Տոնական տրամադրության մանրամասները՝ տեսանյութում։

Հունիսի 1-ը՝ որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր, սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, իսկ 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։

Օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության ենթակայության կազմակերպությունները կիրականացնեն բազմաթիվ միջոցառումներ։ Ցանկը՝ հետևյալ հղումով։

Կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջն էլ իրազեկում է այսօր՝ ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համերգի մասին։

Խաղաղ երկինք և անհոգ մանկություն ենք մաղթում աշխարհի բոլոր մանուկներին։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть