Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում նախօրեին արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված՝ առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներողություն է խնդրում բոլոր հարազատներից: Նա ֆեյսբուքյան գրառմամբ նշում է, որ իր բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին։
Նախարարի պաշտոնակատարը վստահեցնում է, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար:
«Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով:
Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ:
Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փերձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին»,-ասված է Անահիտ Ավանեսյանի գրառման մեջ։
Հիշեցնենք՝ երեկ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներն փակել էին Երևանի Հերացի փողոցը՝ հայտարարելով, թե պարզել են, որ այսքան ժամանակ զոհերի մարմինները թաքցրել են սառնարաններում: «Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից ոմանց դժգոհությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը», ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին տրամադրել է առկա ստույգ փաստերը, ինչպես նաև նրանք հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան։
Թելեգրամյան ալիքներից մեկն, այնուհետ, հրապարակեց լուսանկար, որում Աբովյանի դիահերձարանի նկուղն էր՝ հատակին անփութորեն լցված պարկեր՝ զինվորների մարմիններով ու մասունքներով:
Համացանցում հայտնված տեղեկատվության վերաբերյալ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնեց, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել:
Ընդգծվել էր, որ «չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել են ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:
Առողջապահական գերատեսչությունը, կրկին շեշտելով, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն` հուղարկավորելու համար, միաժամանակ հայտնել էր, որ առողջապահության նախարարության կողմից կկազմվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը։