«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբը ազատամարտիկի հուղարկավորության օրվա, ժամի և վայրի վերաբերյալ որոշում է կայացրել: Հանձնախմբի տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Հայաստանի ներկա վարչախումբը շարունակելով իր քինախնդիր և անբարո վերաբերմունքը Արթուր Սարգսյանի նկատմամբ, մերժել է նրա հուղարկավորությունը Եռաբլուր պանթեոնում: Չնայած, ըստ կարգի կատարված ՀՀ Պաշտպանության նախարարին ուղղված դիմումի պաշտոնական պատասխան չի ստացվել, այնուհանդերձ, սույն թվականի մարտի 18-ին Վիգեն Սարգսյանի այդ կապակցությամբ կատարած հայտարարությունը դրա վկայությունն է: Ազատամարտիկների պանթեոն Եռաբլուրը հայ ժողովրդի սեփականությունն է և ոչ այս վարչախմբի: Արթուր Սարգսյանը անկասկած ոչ ուշ ապագայում իր տեղը ունենալու է հերոսների պանթեոնում, իր ընկերների կողքին: «Հաց Բերող»-ի հոգնատանջ մարմնի վերջին հանգիստը չուշացնելու նպատակով Հանձնախումբը հայտարարում է, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Հասցեն՝ Լուկաշին 152: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից:
Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ»:
Հիշեցնենք՝ նկատի ունենալով այն, որ Արթուր Սարգսյանը ողջ հայության խղճի մարմնավորողն է՝ օրեր առաջ ձևավորվեց Հաց Բերողի հուղարկավորության քաղաքացիական հանձնախում՝ հետևյալ կազմով.
Արսեն Սարգսյան – Արթուր Սարգսյանի եղբայր և իրավահաջորդ
Հասմիկ Պապյան – Օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
Եղիշե Պետրոսյան – Հաց Բերողին նվիրված երգի հեղինակ և կատարող
Խաչիկ Մանուկյան – Արմեն Մովսիսյանի Հաց Բերողին նվիրված երգի խոսքերի հեղինակ
Անահիտ Թարխանյան – Անդրեաս Ղուկասյանի կինը, ճարտարապետ
Նանոր Բարսեղյան Սեֆիլյան – Ժիրայր Սեֆիլյանի կինը
Լուսինե Գալստյան – Վարուժան Ավետիսյանի կինը, բժշկուհի
Արմենակ Կյուրեղյան – Կյուրեղյան եղբայրների հայրը
Շահեն Հարությունյան – Շանթ Հարությունյանի որդին, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ
Ասպրամ Մանուկյան – Պավլիկ Մանուկյանի դուստրը, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ
Ալեք Ենիգոմշյան – «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ, լրագրող, քաղաքական գործիչ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ
Թամար Հովյաննիսյան դերասանուհի, հանրային գործիչ