ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ), ի գիտություն Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորի՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթուղթ չունեցող թեկնածուների, տեղեկացնում է․
«Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է տեղեկանք։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեք օր անընդմեջ հանգստյան օրեր են, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է, որ գերատեսչության Ընդհանուր բաժինը, չնայած հանգստյան օրվան, մայիսի 29-ին աշխատելու է ժամը 10։00-ից 18։00-ն (հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2): Թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ից 18։00-ն, Ընդհանուր բաժին ներկայացնել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
Թեստավորման գործընթացը մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում․ մասնակցելու համար պետք է ներկայանալ 12։30-ին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ»:
Գերաստեսչությունն իր պաշտոնական կայքում նաև զետեղել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի հայերենի իմացության ստուգման հարցաշարը, որը բաղկացած է «Ուղղախոսություն», «Ուղղագրություն», «Բառակազմություն» բաժիններից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։ Ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև ս.թ. մայիսի 31-ը՝ 18․00-ն: