Բելգիայի խորհրդարանը բոլոր հայ գերիների ազատ արձակման պահանջով հրատապ բանաձև է ընդունել - RadioVan.fm

Онлайн

Բելգիայի խորհրդարանը բոլոր հայ գերիների ազատ արձակման պահանջով հրատապ բանաձև է ընդունել

2021-05-28 18:42 , Политика, 903

Բելգիայի խորհրդարանը բոլոր հայ գերիների ազատ արձակման պահանջով հրատապ բանաձև է ընդունել

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը մայիսի 27-ին միաձայն ընդունել է «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ՝ ի կատարումն 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձև:

Այդ մասին տեղեկացնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։

Խիստ մտահոգություն հայտնելով առ այն, որ Ադրբեջանը տակավին չի կատարելհրադադարի մասին հայտարարությամբ ստանձնած իր հանձնառությունը՝ գերիների փոխանակման վերաբերյալ, բանաձևը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել դեռևս գերության մեջ գտնվող բոլոր հայերին՝ ներառյալ քաղաքացիական անձանց համաձայն հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի և Ժնևյան կոնվենցիաների դրույթների:

Բանաձևը, խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ իրագործվող խոշտանգումների փաստագրված դեպքերը, պահանջում է Ադրբեջանի իշխանություններից քննության առնել դրանք և պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ հստակ շեշտելով միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք իրագործումը, ինչպես նաև խոշտանգումների և այլ անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումների բացառումը:

Բանաձևը նաև պահանջում է Բելգիայի դաշնային կառավարությունից համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ աջակցելու Ադրբեջանում մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը և անվտանգ վերադարձի ապահովմանը: Կառավարությանը կոչ է արվում սերտորեն համագործակցել այս առումով նաև համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ երաշխավորելու Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ապահովելու ԿԽՄԿ ավելի հաճախակի այցելություններըգերեվարված անձանց՝ համոզվելու համար, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը պատշաճ կերպով կիրառվում են:

Բանաձևը նաև կոչ է անում կառավարությանը շարունակել աջակցել հակամարտության խաղաղ և կայուն քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, այդ թվում որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:

Բանաձևն անդրադառնում է նաև ադրբեջանցի զինվորների ներխուժմանըՀայաստանի տարածք և կոչ անում Բելգիայի կառավարությանը պահանջելու Ադրբեջանի իշխանություններից դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Բանաձևը նաև կարևորում է միջազգային կառույցների ներգրավումը և հրատապ աջակցությունը՝ ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ագրեսիայի ծանր և տագնապալի հումանիտար հետևանքների վերացմանը:

Лента

Рекомендуем посмотреть