Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսըշնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով, որում ասված է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։
Այս տարի մեր երկրի համար բարդ ու ծանր իրավիճակում ենք նշում Հանրապետության տոնը և վերստին անդրադառնում Հայաստանի Առաջին Հանրապետության հաստատման հիշատակներին։ Ավելի քան 100 տարի առաջ ցեղասպանության և հայրենազրկման դառը հարվածները կրած մեր ժողովուրդը կանգնել էր նաև իր հայրենիքի արևելյան հատվածը և իր գոյությունը պաշտպանելու մեծ մարտահրավերների առջև, սակայն չընկրկեց և արի ոգով ու միասնաբար պայքարեց մայիսյան հերոսամարտերում՝ վերականգնելով հայրենի պետականությունը։
Առաջին Հանրապետությունը, թեև երկար չգոյատևեց, սակայն եղավ անկախ պետականության տեսանելի առհավատչյան, որի ներշնչումով կերտվեցին վերազարթոնքի հետագա հաղթանակները մեր ժողովրդի։
Այսօր ևս մենք մտահոգ ենք հայրենի մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրներով, մեր սահմանների, մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի նկատմամբ շարունակական ոտնձգություններով։ Սակայն, հավատում ենք, որ մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև այս փորձությունից և համընդհանուր ջանքերով ձեռնամուխ լինելու մեր հայրենիքի զորացմանը, պետականության ամրապնդմանը, հայոց լուսավոր գալիքի կերտմանը։
Թող Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին և Իր անբավ շնորհների ներքո զորություն տա իրագործելու մեր համազգային նպատակները, ապահով ու բարօր կյանքի մեր ձգտումները»։
Նշենք՝ այսօր առավոտյան Հանրապետության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն:
Հոգևորական դասը, ներկաներն ու զինվորականները աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար:
Մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելել է Սարդարապատի հուշահամալիր, որտեղ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, թեմի եկեղեցականների և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ Նորին Սրբությունը ծաղկեպսակ է զետեղեղ հուշակոթողի առջև, ապա աղոթել մայիսյան հերոսամարտերում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար:
«Ամեն տարի Հանրապետության տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ գալիս ենք նվիրական այս վայրը՝ Սարդարապատի հուշահամալիր, մեր աղոթքը առ Աստված բարձրացնելու մեր հայրենիքի և մեր ժողովրդի ապահով, խաղաղ ու անվտանգ կյանքի համար: Այսօր ևս մեր աղոթքը բարձրացրեցինք՝ խնդրելով, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի մեր ազգի ու հայրենիքի վրա, որ պահի ու պաշտպանի մեր ժողովրդին բոլոր փորձություններից:
Դժվարին ժամանակներ ենք ապրում և մեր մաղթանքն է, որպեսզի մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր, ներշնչվի և քաջալերվի Սարդարապատի խորհրդով, որն այնքան գեղեցկորեն բանաձևված է մեծն բանաստեղծի՝ Պարույր Սևակի խոսքերով. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»:
Այսօրվա Մեր պատգամը պիտի լինի, որպեսզի ազգիս յուրաքանչյուր զավակ լինի նվիրյալ խենթը հայրենիքի, և հայրենիքի սիրով միաբանված, մեկ կամք, մեկ բռունցք, մեկ սիրտ դարձած լծվենք մեր հայրենիքի զորության, բարօր կյանքի կերտմանը և միասնական ջանքերով հեռու վանենք մեր սահմաններից բոլոր վտանգներն ու փորձությունները, որոնք սպառնում են մեր ինքնությանը և պետականությանը: Թող Տիրոջ Աջը օգնական և պահապան լինի ազգիս հայոց այսօր և միշտ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/1659238110934820
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր է այցել նաև ՀՀ քաղաքական վերնախավը։