ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Պետականությունը պետք է պահել սրբության պես` անձնուրաց նվիրումով:
Պետականությունն ու ինքնիշխանությունը մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավոր են։
Պետության մեջ մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքներն իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է` սեփական ժողովրդավարական կառույցներով ու իրավունքի գերակայության թելադրանքով։
Բոլորիս համախմբվածությունն ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, պետականության արժեքի գիտակցումն ու մեր երեխաների խաղաղ ապագայի նկատմամբ պատասխանատվությունը կլինեն երախտիքի լավագույն տուրքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի գնով են մեզ համար նվաճել ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ»: