«Ամենակարևորն այս իրավիճակում պետք է համախմբվել, որովհետև ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու՝ ավելի է ոգևորվում, ավելի ակտիվանում է։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից, թե ներսում ինչ տարաձայնություններ կան՝ իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը»,-այդ մասին այսօր Կութի բնակիչներին ասաց գյուղ այցելածՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նշենք՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի սահմանային հատվածից են այսօր Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները «գերեվարել» ՀՀ զինված ուժերի 6 զինծառայողներին։
«Որևէ սասանում այս առումով պետք է չլինի։ Պարզ է, որ շատ նյարդային, հուզական է իրավիճակը, բայց պետք է մենք մեր սթափությունը և նաև հավասարակշռությունը չկորցնենք, որովհետև, եթե դրանք կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատելու, ճիշտ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու համար,-նշեց Փաշինյանը՝ շեշտելով,-Որևէ մեկի մտքով չանցնի, թե էսօրվա կառավարությունը ինչ-որ մութ, ստվերային գործարքների մեջ է, ինչ-որ դավադրությունների մեջ է, էդպիսի բան լինել ի բնե չի կարող»։
«Տա Աստված»,-արձագանքեց ներկաներից մեկը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը կրկին պնդեց․
«Դա բացառված բան է, ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով եմ ասում»։
Կութեցիների հետ հանդիպման մանրամասները՝ Փաշինյանի ֆեյսբուքյան տեսանյութում։