«Ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայողներին»․ ՄԻՊ-ը՝ զինծառայողների առևանգման և Կութում լսված կրակոցների մասին - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայողներին»․ ՄԻՊ-ը՝ զինծառայողների առևանգման և Կութում լսված կրակոցների մասին

2021-05-27 14:40 , Право, 1229

«Ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայողներին»․ ՄԻՊ-ը՝ զինծառայողների առևանգման և Կութում լսված կրակոցների մասին

«Ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայող քաղաքացիներին»,-այդ մասին տարածած հայտարարությունում ընդգծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ)՝ նշելով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի բնակչից այսօր վաղ առավոտյան ստացել է ահազանգ այն մասին, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան գյուղի հարևանությամբ տեղի է ունեցել զինված միջադեպ, գյուղում պարզ լսվել են կրակոցներ, և ադրբեջանական զինված ուժերն առևանգել են ՀՀ զինծառայողների։

«Ահազանգով նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի այդ գործողություններն է՛լ ավելի են լարվածություն առաջացրել գյուղում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատել են, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի անմիջական հարևանությամբ: Միջադեպը լարվածություն է առաջացրել նաև գյուղում, քաղաքացիական բնակիչների շրջանում: Այս ամենը հաստատվել է նաև համայնքի ղեկավարի կողմից:

Նշված միջադեպի վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել զանգվածային լրատվության միջոցներում:

Արձանագրվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի 6 ծառայողներ թիվ N զորամասի պահպանության տարածքում կատարելիս են եղել ինժեներական աշխատանքներ, ում ադրբեջանական զինծառայողները շրջափակվել և գերեվարվել են:

Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքների արդյունքներով արդեն մի քանի անգամ արձանագրել է, որ ադրբեջանական զինվորականները մայիսի 12-ից սկսած, բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, անօրինական առաջ են եկել Գեղարքունիքի և Սյունիքի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:

Արձանագրվել են ադրբեջանական զինվորականների՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր գործողությունները (Սյունիքում ու Գեղարքունիքում զենքով սպառնալիքներ հովիվներին, կրակողներ գյուղերի անմիջական հարևանությամբ և այլն):

ՀՀ քաղաքացիական բնակավայրի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած՝ ադրբեջանական զինված ուժերի այսօրվա արարքները լրջորեն վտանգում են ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը:

Ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները պետք է դիտարկել 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում` գյուղերի անմիջական հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու, սահմանային բնակիչներին իրենց պատկանող խոտհարքներն ու արոտավայրերն օգտագործելու օրինական իրավունքից զրկելու միասնական դիտավորության համատեքստում:

ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինծառայողների նման պարբերական սադրանքներ ու իրավունքների խախտումներ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև պատերազմական գործողությունների ավարտից հետո` մայիսի 12-ից առաջ (տեղ են գտած զեկույցներում ու հաղորդումներում):

Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:

Նշվածը լրացուցիչ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայող քաղաքացիներին»,-ասված է ՄԻՊ տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть