Ապրիլյան պատերազմի ընթացքում հանցագործությունների փաստով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Ադրբեջանի շրջանառության մեջ է դրել 23 գործ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի զոհերի, վիրավորների իրավունքների պաշտպանության հետ կապված՝ 700-ից ավելի հայց է ներկայացվել Եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի։
«Մենք, որպես երրորդ կողմ, արդեն ներգրավված ենք պաշտոնապես այդ դատավարության մեջ, դեռևս ժամկետ ունենք ներկայացնելու մեր դիրքորոշումն այս հարցերի կապակցությամբ», — նշել է Գ. Կոստանյանը:
ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանում հայտարարել են 500 հայցի մասին։ Սակայն ըստ Կոստանյանի կարևորն այն է, որ ընդդեմ Հայաստանի ներկայացված հայցերով Հայաստանը պատասխանող կողմ է, Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերով՝ Հայաստանը երրորդ կողմ է: