Իրանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան և Հայաստան կատարած այցից հետո Twitter-ում այդ առնչությամբ գրառում է կատարել, որում ասված է.
«Ադրբեջանում և Հայաստանում բուռն քննարկումներ են անցկացվել երկկողմ հարաբերությունների և վերջին լարվածությունների թեմայով:
Իրանը մշտապես պնդում է, որ պետք է հարգել տարածքային ամբողջականությունը:
Մենք ողջունում ենք երկու կողմերի ղեկավարների՝ փոխադարձ արժանապատիվ պայմանավորվածություն ձեռք բերելու պատրաստակամությունը:
Տարածաշրջանային համագործակցության հսկայական հնարավորություններ կան»:
Intensive talks in Azerbaijan & Armenia on bilateral ties & recent tensions.
Iran has always insisted on respect for territorial integrity of all.
We welcome readiness of leaders on both sides to reach dignified mutual arrangements.
Huge possibilities for regional cooperation. pic.twitter.com/80VZyw5JGh
— Javad Zarif (@JZarif) May 26, 2021
Հիշեցնենք՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի մայիսի 25-ին մեկնել էր Բաքու, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակը դադարեցնելուց հետո տարածաշրջանի առկա իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, ինչպես նաև Ադրբեջանի, Իրանի ու Հայաստանի միջև հաղորդակցության միջանցքներին ու երկաթուղային ուղիներին վերաբերող հարցեր։
Մայիսի 26-ին Զարիֆը ժամանեց Հայաստան, հանդիպումներ ունեցավ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որի հետ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերը՝ Զարիֆը շեշտել է իր երկրի շահագրգռությունը՝ տարածաշրջանի կայունության ապահովման, Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման ու ապահովման հարցում: