Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջական զինուժի ծառայողները շրջափակել ու գերեվարել են 6 հայ զինծառայողի. ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջական զինուժի ծառայողները շրջափակել ու գերեվարել են 6 հայ զինծառայողի. ՀՀ ՊՆ

2021-05-27 09:56 , Политика, 1001

Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջական զինուժի ծառայողները շրջափակել ու գերեվարել են 6 հայ զինծառայողի. ՀՀ ՊՆ

Այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող։

Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ):

«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ»,-ասված է տարածած տեղեկատվությունում։

Հիշեցնենք՝ «սահմանների ճշգրտման» պատրվակով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը մայիսի 12, 13-ին ապօրինաբար հատած ադրբեջանական ԶՈւ ծառայողները դիրքավորվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, ու, չնայած հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողություններին, արդեն 16-րդ օրն է՝ շարունակում են գտնվել մեր ինքնիշխան երկրի տարածքում:

«Գործ ունենք, ըստ ամենայնի, մեծ հավանականությամբ, ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ»․ այս հիմնավորմամբ՝ մայիսի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ՝ Հավաքական Անվտանգության Պայմանագրի վերաբերյալ 2-րդ հոդվածով և ՌԴ նախագահին՝ ռազմական օգնության խնդրանքով։

Մայիսի 17-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստում էլ Փաշինյանը հայտարարեց՝ իրավիճակի հանգուցալուծման նպատակով պետք է շարունակեն գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները և աշխատեն հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ:

Արդեն երեկ՝ մայիսի 26-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց, որ Հայաստանը գոհ չէ ՀԱՊԿ-ի «գործողությունների արագությունից» Ադրբեջանի հետ սահմանի խնդրի լուծման հարցում, և հավելեց, որ կազմակերպությունը հրապարակավ հստակ դիրքորոշում չի հայտնել այս հարցում: Նա նաև նշեց, որ, եթե ՀԱՊԿ մեխանիզմները թույլ չտան լուծել այդ խնդիրը՝ հայկական կողմը չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը:

ՀԱՊԿ-ից արձագանքելով Փաշինյանի քննադատությանը՝ հայտնել են, որ նրա «տեղեկությունն ընդունվել է ի գիտություն, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարությամբ համապատասխան աշխատանքը շարունակվում է»:

Лента

Рекомендуем посмотреть