«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունն ընդունվել է ի գիտություն: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարությամբ համապատասխան աշխատանքը շարունակվում է»,-«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին արված հայտարարությանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը, այսօր ելույթ ունենալով Հայաստանի օրենսդիր մարմնում, հայտարարել է, որ Հայաստանը գոհ չէ ՀԱՊԿ-ի «գործողությունների արագությունից» Ադրբեջանի հետ սահմանի խնդրի լուծման հարցում, և ավելացրել է, որ կազմակերպությունը հրապարակավ հստակ դիրքորոշում չի հայտնել այս հարցում: Նա նաև նշել է, որ, եթե ՀԱՊԿ մեխանիզմները թույլ չտան լուծել այդ խնդիրը՝ հայկական կողմը չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը:
Հիշեցնենք՝ «սահմանների ճշգրտման» պատրվակով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը մայիսի 12-ին ապօրինաբար հատած ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ծառայողները դիրքավորվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, ու, չնայած հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողություններին, արդեն 15-րդ օրն է՝ շարունակում են գտնվել մեր ինքնիշխան երկրի տարածքում:
«Գործ ունենք, ըստ ամենայնի, մեծ հավանականությամբ, ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ»․ այս հիմնավորմամբ՝ մայիսի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ՝ Հավաքական Անվտանգության Պայմանագրի վերաբերյալ 2-րդ հոդվածով և ՌԴ նախագահին՝ ռազմական օգնության խնդրանքով։
Մայիսի 17-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստում էլ Փաշինյանը հայտարարեց՝ իրավիճակի հանգուցալուծման նպատակով պետք է շարունակեն գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները և աշխատեն հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: