Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե ադրբեջանական կողմը կապ չունի ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ զինծառայողների ուղղությամբ կրակ բացելու և զինծառայողի մահվան հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, իբր, նախօրեին ցերեկը հայկական կողմից զինվորական անձնակազմով յոթ բեռնատարներ փորձել են մոտենալ սահմանային այդ հատվածին, ինչը կանխվել է Ադրբեջանի ստորաբաժանումների ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումների արդյունքում։
«Մենք միանշանակ հայտարարում ենք, որ մեր ստորաբաժանումները հակառակորդի ուղղությամբ թիրախային կրակ չեն իրականացրել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հայ զինվորի մահվան դեպքը տեղի է ունեցել դժբախտ պատահարի արդյունքում: Ադրբեջանական կողմը կապ չունի այս միջադեպի հետ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ՝ երեկ տարածած հաղորդագրությունում, որում շեշտվում է նաև, որ հարցի առնչությամբ ադրբեջանական կողմը մշտական կապի մեջ է ռուսական կողմի հետ։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) երեկ հաղորդեց, որ նույն օրը, 14:20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել, սկսված փոխհրաձգության հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել:
Քննչական կոմիտեն այնուհետ տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տարածած հաղորդագրությունում նշված է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի (ԶՈւ) մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են նշյալ բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն ունենալով` բռնության կոչեր են հնչեցրել տեղում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈւ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը, որի ընթացքում դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամ։ Ըստ տեղեկատվության՝ միջադեպի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնված Գևորգ Յուրիկի Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ էլ ժամը 15:20-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, (ԱԳՆ) խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից ՄԱԿ անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինվածոտնձգությունը, ինչը, նշվել է, միջազգային իրավունքի նորմերի խախտում է, հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։