Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը, հետևելով Ֆրանսիայի, Կանադայի, Հնդկաստանի օրինակին՝ պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից. թվիթերյան գրառմամբ հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
Dutch Parliament adopted a motion, calling upon Government to persuade #EUCO's action for #Azerbaijan's immediate withdrawal from Armenia's territory https://t.co/qnvYCb7v7g
— Tigran Balayan (@tbalayan) May 25, 2021
«Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին»,-մասնավորապես ասված է բանաձևում:
Հիշեցնենք՝ «սահմանների ճշգրտման» պատրվակով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը մայիսի 12-ին ապօրինաբար հատած ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ծառայողները դիրքավորվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, ու, չնայած հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողություններին, արդեն 14-րդ օրն է՝ շարունակում են գտնվել մեր ինքնիշխան երկրի տարածքում:
Այսօր արդեն մահվան ելքով միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի Վերին Շորժայի սահմանային հատվածում. Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի (ԶՈւ) մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են նշյալ բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն ունենալով` բռնության կոչեր են հնչեցրել տեղում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈւ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը: Հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Յուրայի Խուրշուդյանը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ պետական սահման ներխուժելու փաստի առնչությամբ հայտարարություն էր տարածել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ ընդգծելով, որ նրանք անհապաղ պետք է հետ քաշվեն:
Սյունիքում Ադրբեջանի սադրանքներին էր անդրադարձել նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն՝ Թվիթերում գրելով.
«Կանադան անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի և հայկական տարածք ներխուժման լուրերով: Մենք հորդորում ենք կողմերին ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և շարունակել տևական ու խաղաղ կարգավորման բանակցությունները»:
https://twitter.com/MarcGarneau/status/13932621268...
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ տարածած հաղորդագրությամբ նշել էր.
«Մտահոգությամբ հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով իրավիճակին: Սահմանային ներխուժումները ռազմական տեղաշարժերի միջոցով կարող են ապակայունացնել իրավիճակը և հանգեցնել նոր ռազմական գործողությունների: Խախտում իրականացնող կողմին կոչ ենք անում անհապաղ հետ քաշել ուժերը և դադարեցնել հետագա սադրանքները:
Հնդկաստանը միշտ հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական միջոցներով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին: Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»:
Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արձագանքելով Ֆրանսիայի և Կանադայի հայտարարություններին, այդ երկրներին կոչ էր արել չխառնվել Ադրբեջանի գործերին: