Հայ գերիները՝ քաղաքական պատանդ․ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է գերեվարված Մկրտչյանի և Խոսրովյանի նկատմամբ Բաքվի քրեական հետապնդման փաստը - RadioVan.fm

Онлайн

Հայ գերիները՝ քաղաքական պատանդ․ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է գերեվարված Մկրտչյանի և Խոսրովյանի նկատմամբ Բաքվի քրեական հետապնդման փաստը

2021-05-25 11:50 , Политика, 1173

Հայ գերիները՝ քաղաքական պատանդ․ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է գերեվարված Մկրտչյանի և Խոսրովյանի նկատմամբ Բաքվի քրեական հետապնդման փաստը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը, հայտարարում է՝ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդ և շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների և հոգեբանական ճնշման գործելակերպը:

ԱԳՆ-ի այսօր տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Ժնևի կոնվենցիաների՝ վերջիններս համարվում են ռազմագերի, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է անմիջապես ազատ արձակվեն: Մինչդեռ, Ադրբեջանը նրանց դեմ հարուցել է շինծու քրեական գործեր՝ դրանով իսկ բացահայտորեն խախտելով թե´ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և թե´ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները:

Չնայած միջազգային հանրությանբազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդ և շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների և հոգեբանական ճնշման գործելակերպը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանն առ այսօր պատասխանատվության չի ենթարկել հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք ցուցաբերած, այդ թվում՝ սպանություններ իրականացրած անձանց՝ չնայած նման հանցանք գործած անձինք փաստագրել և հրապարակայնացրել են իրենց ոճրագործությունները ։

Պաշտոնական Բաքուն բացահայտորեն արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումներն Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Արդյունքում, 2021թ. մարտի 9-ին դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ծանուցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին իր կողմից Ադրբեջանի դեմ ձեռնարկված միջանկյալ միջոցների մասին:

Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկետներից և հանգամանքներից, պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի»:

Նշենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Բաքվում հունիսի 2-ին մեկնարկելու է երկու հայ ռազմագերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։ Նրանք ձերբակալվել են ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում: Ադրբեջանի իրավապահները պնդում են, որ 90-ականներին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում, նրանք ադրբեջանցի ժողովրդի դեմ ծանր հանցանքներ են գործել։

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Սակայն պատերազմի ավարտից հետո մինչ օրս Բաքվի բանտերից Հայաստան է վերադարձվել 72 հայ այն դեպքում, մինչդեռ Արցախի մարդու իրավունքների պաշտպանն օրեր առաջԵվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին հղած նամակում ընդգծել է, որ Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի հայ ռազմագերիներ են պահվում։

Հայկական կողմի տվյալներով՝ փոխանցվել են բոլոր պահվող ադրբեջանցիները, նույնիսկ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևը ու Դիլհամ Ասկերովը։

Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին, իսկ մնացյալին, որոնք ներկայում այդ երկրի տարածքում են, Ադրբեջանը համարում է դիվերսանտներ։

Лента

Рекомендуем посмотреть