Ռոբին ռոբոտի էմոցիոնալ աջակցության միջոցով կգնահատվի Նորքի տուն-ինտերնատի տարեցների իմացական և հոգեսոցիալական կարիքները - RadioVan.fm

Онлайн

Ռոբին ռոբոտի էմոցիոնալ աջակցության միջոցով կգնահատվի Նորքի տուն-ինտերնատի տարեցների իմացական և հոգեսոցիալական կարիքները

2021-05-24 15:13 , Общество, 1110

Ռոբին ռոբոտի էմոցիոնալ աջակցության միջոցով կգնահատվի Նորքի տուն-ինտերնատի տարեցների իմացական և հոգեսոցիալական կարիքները

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը «Էքսպեր Թեքմոլոջիս» ընկերության հետ համագործակցությամբ ազդարարում է Հայաստանի խնամքի տներում ապրող տարեցների կյանքի որակը ռոբոտի օգնությամբ բարելավելու նախագծի մեկնարկը:

«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ից հայտնում են, որ ծրագրի շրջանակում Ռոբին անունով ռոբոտի էմոցիոնալ աջակցության միջոցով կգնահատվի Նորքի տուն-ինտերնատում ապրող տարեցների իմացական և հոգեսոցիալական կարիքները, փորձ կարվի բարձրացնել տրամադրությունը՝ օգնելով հաղթահարել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մեկուսացումն ու դժվարությունները:

Տարիների փորձագիտական աշխատանքին զուգահեռ, ծերաբույժ Ջեյն Լ. Մահակյանը նեյրոկոգնիտիվ խնդիրներ ունեցող տարեցների համար մշտապես բուժման նորարարական մեթոդներ է փնտրել: Երևանում իմանալով Ռոբին ռոբոտի մասին՝ նա հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է արդյոք այն դրական ազդեցություն ունենա նաև Ալցհայմերի հիվանդություն և ծերունական թուլամտության այլ տեսակներ ունեցող անձանց ինքնազգացողության վրա:

«Մեկ տարի առաջ, երբ Երևանում հանդիպեցի «Էքսպեր Թեքմոլոջիս» ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Կարեն Խաչիկյանի հետ, մտածեցի, որ եթե համադրենք Կարենի ունեցած տեխնիկական գիտելիքներն ու հմտությունները ծերաբուժության ոլորտում իմ կուտակած փորձի հետ, կկարողանանք բարելավել խնամքի կենտրոններում ապրող տարեցների կյանքի որակը»,-ասում է բժիշկ Ջ.Մահակյանը՝ հավելելով, որ ծերունական թուլամտության պատճառով խնամքի կարիք ունեցող մարդկանց թիվը տարեցտարի աճում է, և այս եղանակով աջակցություն տրամադրելն արդեն ծայրահեղ կարևոր է:

Նշվում է, որ նախագիծն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ. Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Նախագծի տևողությունը 12 շաբաթ է, տուն-ինտերնատի 20 մասնակիցներից յուրաքանչյուրըՌոբին ռոբոտի հետ մոտ կես ժամ տևողությամբ շաբաթական երկու հանդիպում կունենա: Շահառուների հետ Ռոբինը կշփվի ու կզրուցի՝ հաշվի առնելով նրանց ինտելեկտուալ մակարդակը, հետաքրքրությունների շրջանակն ու նախասիրությունները: Ռոբինի հետ հանդիպումների ժամանակ նախատեսված են նաև ինտելեկտուալ խաղեր, նրանց նախընտրած երաժշության ունկնդրում, հարցախույզ սիրված ֆիլմերից, զրույցներ գրականության ու արվեստի մասին ու եղանակի շուրջ: Հատկանշական է, որ ծրագիրն իրականացվում է բացառապես կամավորության սկզբունքով: Ծրագրի ավարտից հետո հաջորդող 9 ամիսների ընթացքում Ռոբինը կհյուրընկալվի Հայաստանում գտնվող խնամքի մյուս հաստատություններում:

Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքներն ազդեցություն են ունենում առանց այն էլ խոցելի տարեց բնակչության ու հատկապես այն անձանց վրա, ովքեր ապրում են խնամքի հաստատություններում: Համավարակով պայմանավորված մեկուսացումը բացասաբար է ազդում բնակիչների ֆիզիկական զգացողությունների, մտավոր կարողությունների և իմացական գործընթացների վրա:

«Մեր նպատակն է օգտագործել ապացույցների վրա հիմնված միջամտությունները՝ տարեց բնակչության կյանքի որակը վերջապես բարձրացնելու, նրանց ճանաչողական գործընթացները բարելավելու և դեպրեսիայի ցուցանիշը նվազեցնելու համար»,-ասում է «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Կարեն Խաչիկյանը:

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության մասին

Կազմակերպությունը 2017 թվականին հիմնադրել է ծերաբույժ Ջեյն Մահակյանը՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանում Ալցհայմերի հիվանդության մասին հանրայինիրազեկման մակարդակն ու ստեղծել շարունակական ծրագրեր և ծառայություններ Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց, նրանց խնամատարների և ընտանիքների համար: Բժիշկ Ջեյնը Հայաստանում տարեցների խնամքի ծրագրերի և իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղվածծրագրերի առաջամարտիկներից է: Նրա հեղինակած «Ես լսում եմ քեզ» գիրքը գործնական ուղեցույց է այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող իրենց հարազատի մասին և աջակցում է նպատակային կյանքինու ապահովում է անկախությունը:

«Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության մասին

«Էքսպեր Թեքնոլոջիս»-ը խնամքի ավտոմատացված օգնական Ռոբին ռոբոտին ստեղծած առողջապահական տեխնոլոգիական ընկերություն է և աջակցում է առաջնային առողջապահական օղակում աշխատող մասնագետներին բուժառուների իրական և վիրտուալ խնամքի գործում: Ընկերության նպատակն է փոխակերպել խնամքի արդյունաբերությունը՝ լրացնելով ԱՄՆ-ում 8 միլիոն խնամքի մատակարարների գնալովավելացող պակասը և բարելավելով հիվանդների հասանելիությունը, արդյունքները և փորձը չորս անգամ ցածր գնով: Robin-ը հաջողությամբ իրականացվել է ավելի քան 10 մանկաբուժական հաստատություններում, ներառյալ գերժամանակակից UCLA Mattel հիվանդանոցը: Այժմ ընկերությունը փորձում է Ռոբինի օգտագործումը տարեցների խնամքի ոլորտում ՝ առաջին անգամ այն կիրառելով Նորքի տուն-ինտերնատում՝ հուզական աջակցություն, բժշկական մոնիտորինգ և վիրտուալ խնամք ապահովելու համար:

«Հ. Հովնանյան ընտանիք հիմնադրամ»-ի մասին

Հ. Հովնանյան ընտանիքի հիմնադրամն աջակցում է Հայաստանում և հայկական համայնքներում իրականացվող և շահույթ չհետապնդող երկարաժամկետ ծրագրերին և հաստատություններին՝ ձգտելով մնայուն արժեք, կայուն ազդեցություն ու պատմություն թողնել իր գործունեության շնորհիվ: Հիմնադրամը նախաձեռնում և ծրագրեր է իրականացնում այն բնագավառներում, որտեղ որոշակի բացթողումներ կան: Դրամաշնորհների, կրթաթոշակների և ծրագրերի ֆինանսավորման ու ներդրումների միջոցով հիմնադրամի հիմնականուշադրության կենտրոնում են կրթության, առողջապահության, մշակույթի, կամավորության, էկոտուրիզմի ոլորտները, ինչպես նաև երիտասարդության զարգացումը, ձեռներեցությունը և արևմտյան արժեքների խթանումը:

Лента

Рекомендуем посмотреть