Հասցրել եմ վերջին 5 օրերին տեղի ունեցող գործընթացը վերնագրել «Ասք այն մասին, թե ինչպես են իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ շրջանակներ ամեն ինչ անում, որ ադրբեջանցի զինվորները չլքեն Հայաստանի տարածքը»,-այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ իր գնահատականը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը բախում հրահրելն էր ՀՀ Սյունիքի մարզի ամենանեղ հատվածում և ժամերի ընթացքում ռազմական գործողությունները տեղափոխել ՀՀ տարածքի խորք:
Փաշինյանի խոսքով՝ իրադրությունը շտկելու համար որոշել են հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով:
«Կառավարության գործողությունները գնահատում եմ թիմային, համակարգված և արդյունավետ, որովհետև միջազգային հանրության շրջանում իրավիճակի վերաբերյալ կա կոնսնեսուս, որով արձանագրվում է Ադրբեջանի գործողությունների ապօրինությունը և ՀՀ ինքնիշխան տարածքը լքելու անհրաժեշտությունը»,- ընդգծեց նա:
Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց՝ հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի զինուժը պետք է լքի ՀՀ տարածքը՝ առանց նախապայմանների:
«Սակայն, քանի որ կա փաստ, որ մենք անկախությունից հետո չունենք դեմարկացված և դելիմիտացված սահման Ադրբեջանի հետ, ծագում է մի կարևոր հարց՝ եթե հաջորդ փուլում էլի նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն, ամեն անգամ մենք միջազգային աղմուկ, կոնսենսուս ձևավորելու ճանապարհո՞վ ենք գնալու: Ի վերջո, ունենք մի իրադրություն, որը պետք է կառավարվի: Եվ այդ ընթացքում եղել է առաջարկ՝ ձևավորել եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցերով:
Ես կոռեկտ չեմ համարել, որ աշխատանքային փաստաթուղթը Կառավարությունը հրապարակի, բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ասեմ, որ այն մեկուկես կամ երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ: Ո՞րն է այդ փաստաթղթում ամենակարևոր դրույթը. կողմերը պարտավորվում են, որ սահմանային հարցերը լուծում են ոչ թե զորքերի շարժերով, այլ՝ դիվանագիտական ճանապարհով: Սա նոր գաղափար չէ, քանի որ այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից, Անվտանգության խորհրդի մայիսի 17-ի նիստում:
Մյուս կողմից արձանագրել ենք հետևյալ դիրքորոշումը՝ կա՛մ հանձնաժողովի աշխատանքները պետք է տեղի ունենան այն բանից հետո, երբ ադրբեջանական զինուժը կլքի ՀՀ տարածքը, կա՛մ փաստաթղթի մեջ կարձանագրենք դրույթ զորքերի հետքաշման գործընթացի մասին: Սա է ամբողջ պատմությունը: Չկա և չի կարող լինել որևէ գաղտնի հավելված»,-պարզաբանեց Փաշինյանը՝ տարակուսելով, թե ինչ է նշանակում այլ փաստաթուղթ կա:
«Այսինքն այս մեկը հրապարակային էր, մի հատ էլ գաղտնի՞ կա:...Բոլորս շատ լարված ենք, շատ ծանր ճանապարհի միջով ենք անցել և անցնում, բայց պետք է նկատենք, որ հրապարակվում է փաստաթուղթ, որի 90 տոկոսը փակված է, ասվում է՝ ապացույց, որ սա հերթական դավադրությունն է: Եթե դավադրություն է, ինչո՞ւ եք փակել տողերը, բացեք, թող իմանան՝ ինչ դավադրություն է տեղի ունենում:
Ասում են՝ ինչու է վերևը գրված «պրիլոժենիա». կա՛մ վրիպակ է, կա՛մ պիտի լիներ «պրոյեկտ», գրված է «պրիլոժենիա»: Դա մեծ ուշադրության չի արժանացել, քանի որ այդ փաստաթուղթը դեռ լիովին բանակցված փաստաթուղթ չէ:
Ասում են՝ ժողովրդի մեջքի հետևում ի՞նչ փաստաթուղթ եք պատրաստվում ստորագրել, դա նույնն է՝ որ ասեք՝ ՌԴ նախագահի հետ ի՞նչ հեռախոսազրույց եք ունեցել:
Ասում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հակապետական է, բայց ինչո՞ւ ընդդիմությունը չի ասում՝ լինենք իշխանություն, պիտի չեղարկենք...
Ասում են՝ ԱԳՆ-ն տեղյակ չէ... Այդ փաստաթղթերն ստացվում են ԱԳՆ խողովակներով, բա ես դա ո՞նց եմ ստանում: Դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, նրանք՝ ԱԳՆ՝ նախարարին, նախարարն էլ՝ ինձ: Հիմա նենց ժամանակներ են, մարդիկ Միշիկի անունը լսելուց ոտները թուլանում ա...
Ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ զորքերը դուրս չգան, այդ մարդիիկ Ադրբեջանի քարոզչական պայքարի գործակալներ են: Նրանք չեն ուզում, որ զորքերը դուրս գան, չեն կարողանում տանել իրավիճակը, որ այն թեկուզ դժվարությամբ, բայց կառավարվում է:
Բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմից ձևակերպված թեզեր կան, որ ընդդիմության ներկայացուցիչներից եմ լսում, հետո ասում են, որ Ադրբեջանի կողմից նման թեզեր կան, նրանց կողմից, որոնք կրծքով պաշտպանում են Սյունիքի մարզը: Եվ ես կարծում եմ, որ այս փաստաթուղթն ընդդիմության ներկայացուցիչները ստացել են Ադրբեջանի կողմից»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը, որի խոսքով՝ դելիմիտացիան և դեմարկացիան մեկ կամ երկու օրվա գործ չէ: Նրա խոսքով՝ հետխորհրդային երկրները 30 տարի առաջ սկսել են այդ գործընթացը, բայց դեռ ավարտին չեն հասցրել այն: Եվ հիմա, ըստ նրա, ի վերջո, պետք է խոսել, տեսնել՝ ինչ ենք անում:
«Մենք համոզված ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պետք է լիարժեք իրագործվի: Ովքեր դա համարում են դավաճանություն, թող հայտարարեն՝ իշխանության գալու պարագայում հետ են վերցնելու ՀՀ ստորագրությունը, մենք հակառակ ճանապարհով ենք գնում: Մենք պետք է այս կետից ընտրենք մեր երկարաժամկետ ռազմավարությունը: Սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա նշանակում է սահմանների անվտանգության հարցի լուծում:
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ղարաբաղի հարցը փակվում է: 1991-ի դեկտեմբերին, երբ Ալմա Աթայում ընդունվեց ԱՊՀ երկրների ստեղծման վերաբերյալ հռչակագիր, այդ հռչակագիրը բոլորը ստորագրեցին՝ ընդունելով միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանային անձնեռնմխելիությունը: Եթե այստեղ խնդիր կա, այն ստեղծվել է 1991-ի դեկտեմբերին, եթե խնդիր կա, ստեղծվել է 2010-ին այս դահլիճում՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որ Շուռնուխից և Սև լճից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է:
Ասում են՝ ընտրություններից հետո հարցը լուծեք: Հիմա ինչ՝ ասեինք՝ ՀՀ-ում իշխանություն չկա, թող զորքերը մնան, ընտրությունները կլինեն, կլուծենք:
Հիմա տողերը բացված են՝ այստեղ որտե՞ղ է հակապետական դավադրությունը: Բոլորն ամեն ինչից տեղյակ են, ովքեր պետք է տեղյակ լինեն: Այդ փաստաթուղթը հնարավոր է՝ չստորագրվի, հնարավոր է՝ առաջարկություններ ունենանք... Բա թող Միշիկը ինտերնետում դներ, թե 30 տարի ի՞նչ են բանակցել Ղարաբաղի հարցի շուրջ, ասեր՝ «հայրիկը որոշել է 7 շրջանները վերադարձնել»»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է պատասխանատվություն վերցնել և գնալ խնդիրների լուծման:
«Ժողովուրդը պետք է իմանա՝ ուր ենք իրենց տանելու: Մեր մեծագույն խնդիրը մեր ժողովիդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է, պետք է քաղաքական կամք դրսևորել և կենացների մակարդակից անցնել հարցերի լուծման տրամաբանության՝ պետք է գնանք Ղարաբաղի հարցի լուծման, պետք է գնանք երկխոսության, կոմունիկացիաների բացման:
Մարդիկ ուզում են ապացուցել, որ ապագա չկա, նրանք ուզում են հուսահատությունը դարձնել հիմնական դիսկուրս, բայց դա այդպես չէ, մենք կռիվ ենք տվել մեր ապագայի համար, քանի որ դա մեր խաչն է, և այն պետք է մինչև վերջ տանենք, քանի դեռ ժողովուրդը մեզ վստահում է: Եվ մենք դրանում համոզվելու առիթ կունենանք»,- եզրափակեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, ՀՀ նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը, ավելի քան ժամ ընթացած քննարկումից հետո չընդունվեց: