Փաշինյանը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել

2021-05-20 18:08 , Политика, 1145

Փաշինյանը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել

Հիմք ընդունելով Ազգային ժողովի (ԱԺ) արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի մայիսի 20-ի ԱԺԽՈ-032-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ այսօր, ժամը 18:00-ին,գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Օրակարգում՝ 2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողություններն են։

Արտահերթ նիստին հետևեք ուղիղ հեռարձակմամբ։

Նշենք՝ ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող լարված իրադրությունից, որը ծագել է 2021 թվականի մայիսի 12-ից, երբ Արդբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտմամբ, մուտք են գործել Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի տարածքներ, ու մինչ այս պահը մի քանի հարյուր զինվորական գտնվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում,

Տեղեկանալով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների միջեւ վերը նշված տարածքներում ընդհարումների մասին, ինչի հետեւանքներն անկանխատեսելի են ու կարող են անդառնալի լինել բոլոր կողմերի համար,

Լսելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն առ այն, որ նա պատրաստվում է ստորագրել միջպետական փաստաթուղթ, որը վերաբերելու է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև շփման գծի որևէ ձևով կանոնակարգմանը, ՀՀ Ազգային ժողովւ հայտարարում է՝

«Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում:

Միաժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է:

Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին և իրական կյանքում կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր տեղի է ունենում:

Հնարավոր ճնշումների կամ ազատ կամքի արտահայտումը բացառող ցանկացած դրսեւորման արդյունքում հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը հղի է ազգային եւ պետական շահի ստորադասման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության սահմանների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ անբարենպաստ եւ անդառնալի հետեւանքերի առաջացմամբ, հայ ժողովրդի ապագա սերունդների համար ծանր բեռ առաջացնելու եւ միջազգային իրավունքով երաշխավորված արդարության վերականգնման իրավունքից զրկելու վտանգով»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցություն հեղինակած նախագծում, միաժամանակ կոչ է արվում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին «ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ինչպես նաև ազգի ապագային»:

Лента

Рекомендуем посмотреть