«Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում: Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը»,-այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների։
ՄԻՊ գնահատմամբ՝ փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից․ այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ:
«Հակառակ դեպքում` դարձյալ ստացվելու է, որ պետության առաջացրած տեղեկատվական վակուումը լցվել է ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվությամբ՝ շփոթեցնելով անգամ բարեխիղճ մարդկանց, իսկ առանձին պաշտոնյաներ դարձյալ սկսելու են իրենց անպատասխանատու գրառումներով՝ հաճախ ողողված վիրավորական բառերով, մեղադրել մարդկանց մտացածին «մեդիատեռորի» մեջ»,-ընդգծվում է ՄԻՊհայտարարությունում։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որի համաձայն՝ Հայաստանը և Ադրբեջանը պատրաստվում են նոր փաստաթուղթ ստորագրել, որում, ըստ Մինասյանի, դիվանագիտորեն, գեղեցիկձևակերպումներով ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով», հայտարարել է, որ, այո, ինքն այդ թուղթը ստորագրելու է։
Փաշինյանը, սակայն, կոռեկտ չի համարել այն հրապարակել՝ վստահեցնելով, որ ստորագրվելիք փաստաթուղթը 100%-ով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին։
Մինասյանի հրապարակած թուղթը ներկայացնում ենք ստորև։
Այդ թղթին անդրադառնալով՝ Փաշինյանը նկատել է․
«Շատ անհարգալից իրադրություն ունենք Հայաստանի Հանրապետության հանրության հանդեպ. համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, այսինքն՝ սևով փակած է: Եվ դա ներկայացվում է որպես ապացույց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Պատկերացնո՞ւմ եք: Պատկերացրեք՝ թուղթը հրապարակենք, ամբողջ բովանդակությունը ծածկված է, ասենք տեսեք ինչ ապացույց ունենք, որ հերթական հակահայ փաստաթուղթն է ստորագրվում: Եթե այդպես է, ընդհակառակը, դրա տողերը ոչ թե է պետք է թաքցվեն, այլ բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում։ Եվ, իհարկե, կրկին ասում եմ՝ այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, գործակալական ցանցի գործունեություն, ես, կներեք, չեմ կարող որակել: Չգիտեմ՝ դե յուրե ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականն այդ է, և այլ կերպ լինել չի կարող:
Ընդ որում՝ պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում: Ես ինչքան վերլուծում եմ՝ միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, և ինչքան վերլուծում եմ, հասկանում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից»: