Երեկ՝ մայիսի 19-ին, Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ՝ նվիրված երկու երկրների միջև համագործակցությանը բազմակողմ հարթակներում:
Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պատվիրակությունը գլխավորել է նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, Ռուսաստանի Դաշնությունից (ՌԴ) խորհրդակցություններին մասնակցել են արտգործնախարարի տեղեկալներ Սերգեյ Վերշինինը և Ալեքսանդր Գրուշկոն:
«Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը և կողմերի համար կարևորություն ներկայացնող խնդիրներին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի շուրջ: Այդ առնչությամբ Արտակ Ապիտոնյանը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին, այդ թվում` հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակմանը։
Գոհունակություն հայտնելով միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցության մակարդակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորվեց բազմակողմ հարթակներում հարաբերությունների շարունակական խորացումը»,-ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: