Նաիրա Զոհրաբյանը վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) գլխավոր քարտուղարի պարտականությունները և առաջիկա ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է պատգամավորը՝ նշելով․
«Մենք այսօր այլեւս լինելիության, մեր պետականությունը չարիքի այս իշխանությունից փրկելու խնդիր ունենք եւ միայն բոլոր այն ուժերի համախմբմամբ, ովքեր գիտակցում են, որ Հայաստանին եւ Արցախինայլեւս փրկության ծրագիր է պետք, մենք պիտի կարողանանք կասեցնել մեր պետության վերջնական կազմաքանդումը։
Ես կա՛մ և մնալու եմ չարիքի այս իշխանության դեմ պայքարի առաջնագծում, և հիմա շատ ավելի վճռական և ազատ եմ լինելու իմ գործողություննեերում։
Ես կա՛մ և լինելու եմ հանրային-քաղաքական կյանքում, քանի դեռ մեր երկիրը օկուպացված է հային, արցախցուն, Հայաստանն ու Արցախը չսիրող մարդկանցով ու քանի դեռ մենք մեր երկիրը չենք ազատագրել ներսի զավթիչներից։
Այսօր արդեն շրջանառվում է մի վտանգավոր փաստաթուղթ, որը, ցավոք, նոր նոյեմբերի 9 է լինելու: Այս աղետը կասեցնել է պետք»։
Նաիրա Զոհրաբյանը, միաժամանակ նշում է, որ մի քանի առաջարկներ ունի և վերջնական որոշում կայացնելուց առաջ՝ դրանք քննարկելու է ընկերների և մերձավորների հետ։
«Հավատացեք, այս տարիների իմ կարեւորագույն ձեռքբերումը պատգամավորական մանդատը չի եղել։ Այլ եղել են հազարավոր մարդիկ, ում ես իմ լիազորությունների շրջանակում կարողացել եմ օգնել, կամ՝ ճիշտ ճանապարհ ցույց տալ, եղել են ընկերներս ու գործընկերներս, որոնց հետ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն ավելի լավ Հայաստանի, որըհաստատ ունենալու ենք»,-գրել է պատգամավորը՝ հավելելով, որ ԲՀԿ-ից դուրս գալու շուրջ որևէ այլ մեկնաբանություն չի լինելու ո՛չ այսօր, և ո՛չ վաղը։