ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է, որ երեկ երեկոյան կայացել է նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Նշվում է, որ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։
«Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր»,-ասված է պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։