Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց:
Այդ մասին հայտնում է կառավարության լրատվության վարչությունը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ և ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը: Ընդգծվել է, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը:
«ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Զրուցակիցները միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների և դրա մեթոդաբանության շուրջ»,-ասված է տարածած հաղորդագրությունում:
Նշենք՝ Կրեմլի մամուլի ծառայությունն այսօր հայտնել էր, որ ադրբեջանա-հայկական սահմանին օրերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ըստ տարածած հաղորդագրության՝ կողմերը կարծիք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորումը պետք է ընթանա բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: