Արամ Պաչյանի «P/F» վեպն արժանացել է Եվրոպական միության Գրական մրցանակին - RadioVan.fm

Онлайн

Արամ Պաչյանի «P/F» վեպն արժանացել է Եվրոպական միության Գրական մրցանակին

2021-05-19 16:16 , КнигоМан, 1692

Արամ Պաչյանի «P/F» վեպն արժանացել է Եվրոպական միության Գրական մրցանակին

Հայ արձակագիր Արամ Պաչյանի «P/F» վեպն արժանացել է Եվրոպական միության (ԵՄ) Գրական մրցանակին։ Դափնեկիրների ներկայացման արարողությունը կայացել է երեկ՝ մայիսի 18-ին, Բրյուսելից ուղիղ հեռարձակմամբ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հասարակայնության և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ յուրաքանչյուր երկրի հաղթած ստեղծագործություն ընտրվել է գրական ասպարեզի մասնագետներից բաղկացած ազգային հանձնաժողովի կողմից:

«Մրցանակակիր հեղինակների անունները հայտարարել են ազգային հանձնաժողովի նախագահները

Հայաստանում այդ դերը ստանձնել էր գրող Արմեն Հայաստանցի Օհանյանը, ով հնչեցրել է ԵՄ Գրական մրցանակին արժանացած առաջին հայ հեղինակի անունը՝ Արամ Պաչյան, «P/F» վեպ»,-մանրամասնում են գերատեսչությունից՝ տեղեկացնելով, որ Արամ Պաչյանի ստեղծագործությունն ընտրվել է Հայաստանը ներկայացնող 5՝ Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին», Հովիկ Աֆյանի «Կարմիր», Արամ Պաչյանի «PF», Անուշ Սարգսյանի «Անոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» ստեղծագործություններից:

«Ես շատ ուրախ եմ, որ այն շնորհվում է հայ ժամանակակից արձակի ամենաինքնատիպ հեղինակներից մեկին՝ Արամ Պաչյանին՝ իր «P/F» վեպի համար։ Այս վեպը նորարարական է, կոտրում է մեր ավանդական պատկերացումները վեպի մասին, բերում ձեն-բուդդիստական մոտիվներ, ընթերցվում է որպես պոետիկ մանտրաների մի ժողովածու կամ չթվագրված օրագրային գրառումների մի հավաքածու, քարտեզագրում է շատ անձնական պաչյանական Երևանը։ Սա մի գիրք է, որը ոչինչ չի պարտադրում ընթերցողին՝ բացի ընթերցվելու և անվերջ ընթերցվելու հաճույքը»,- իր ելույթում ասել է հայաստանյան ազգային հանձնաժողովի նախագահը՝ նկատելով, որ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպական Գրական մրցանակաբաշխությանը։

ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ դեռևս 2018 թվականին Հայաստանը, ՀՀ մշակույթի նախարարության համակարգմամբ (այժմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն), պաշտոնապես միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, որը Եվրոպական հանձնաժողովի կողմից իրագործվող մշակույթի ֆինանսավորման ամենամեծ նախագիծն է, ֆինանսավորում է նաև 2009 թվականին մեկնարկած Եվրոպական միության գրական մրցանակը (EUPL): Նախաձեռնությունն ամբողջ Եվրոպայում հանրահռչակում է ճանաչման ուղին բռնած արձակագիրներին։ Մրցանակը յուրաքանչյուր երկրից շնորհվում է ամեն տարի ընտրված մեկական հեղինակի։ 2021 թ-ին այդ երկրները 14-ն էին, իսկ Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։

Լուսանկարները` Մեդիամաքս-ի

Лента

Рекомендуем посмотреть