Այսօր՝ մայիսի 19-ին, Դուշանբեում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)արտաքին գործերի նախարարների (ԱԳ) խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ ի շարունակություն նախորդ օրը տեղի ունեցած քննարկումների՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրել է ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում պահելով ՀՀ սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով իրադրության լարումը:
«Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար»,-նշել է նախարարի պաշտոնակատար Այվազյանը:
«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին հայտնել է, որ ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը, որով՝ իրադրության մշտադիտարկման, տեղում իրադրության գնահատման և հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով, ամրագրված են նաև համապատասխան բազմակողմ առաքելության ձևավորման հարցերը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Այվազյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը որևէ պարագայում չի կարող հանգեցնել հակամարտության լուծմանը․ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական հարթակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների միասնական ու համապարփակ իրագործման հիման վրա:
Նիստի օրակարգում էին տարածաշրջանային և միջազգային իրադրության և անդամ երկրների անվտանգության վրա վերջինիս ազդեցությանը, միջազգային կազմակերպությունների հետ անդամ երկրների փոխգործակցությանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանն առնչվող հարցեր։
Նիստի արդյունքում ԱԳ նախարարներն ընդունեցին և հավանության արժանացրին տարբեր ուղղություններով ՀԱՊԿ անդամ պետությունների միջև համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթեր:
Նախարարական նիստի մեկնարկից առաջ ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հանդիպում ունեցան Տաջիկստանի նախագահԷմոմալի Ռահմոնի հետ»,-ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։