Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։
«Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ ասել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն: Դրան ի պատասխան, հայկական կողմը ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար»,-գործակալության փոխանցմամբ՝ ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ բարձր են գնահատում ռուսական կողմի ջանքերը ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու ուղղությամբ։
«Պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ համագործակցությունը, միաժամանակ ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել: Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմի վերջին գործողություններն ակնհայտորեն միտված են ՀՀ, ՌԴ և ԱՀ առաջնորդների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարություններով ստանձնած սեփական պարտավորությունները չկատարելուն»,-ընդգծել է Հայաստանի ԱԽ քարտուղարը:
Հայտնել էինք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարՍերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, սահմանին իրավիճակի կարգավորման հարցում առաջարկել է օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին և հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որի աշխատանքներին, ընդգծել է Լավրովը, Մոսկվան կարող է մասնակցել որպես խորհրդատու կամ միջնորդ։