«Որպես երկարաժամկետ լուծում՝ տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ». ՌԴ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

«Որպես երկարաժամկետ լուծում՝ տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ». ՌԴ ԱԳՆ

2021-05-18 21:55 , Политика, 1245

«Որպես երկարաժամկետ լուծում՝ տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ». ՌԴ ԱԳՆ

«Բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում՝ տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ»,-հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առնչությամբ տարածած այսօր տարածած հայտարարությունում ընդգծել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը (ՌԴ ԱԳՆ):

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տեղեկատվության և մամուլի վարչության տարածած մեկնաբանությունում միաժամանակ նշվում է, որ Ռուսաստանը այսուհետ էլ պատրաստ է ամեն կերպ նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը:

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակին: Ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Բաքվին և Երևանին լարվածության թուլացման հարցում՝ ամենաբարձր մակարդակներով կանոնավոր շփումների միջոցով»,-ընդգում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը՝ հավելելով, որ վերահաստատում է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք՝ արդեն 7-րդ օրն է՝ «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ծառայողները՝ շուրջ 250 հոգի, ապօրինաբար հատել են Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը և դիրքավորվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, ու, չնայած հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողություններին, այս պահին դեռ շարունակում են գտնվել մեր ինքնիշխան երկրի տարածքում:

«Գործ ունենք, ըստ ամենայնի, մեծ հավանականությամբ, ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ»․ այս հիմնավորմամբ՝ մայիսի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ՝ Հավաքական Անվտանգության Պայմանագրի վերաբերյալ 2-րդ հոդվածով և ՌԴ նախագահին՝ ռազմական օգնության խնդրանքով։

Երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում էլ Փաշինյանը հայտարարեց՝ իրավիճակի հանգուցալուծման նպատակով պետք է շարունակեն գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները և աշխատեն հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր երեկոյան տարածած հաղորդագրությամբ հայտնելով, որ մայիսի 14-ից մեկնարկած բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, այդուհանդերձ, նախազգուշացրել է՝ ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть