Իրադրության հետագա զարգացումները կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել. Հարությունյանը՝ Շոյգուին - RadioVan.fm

Онлайн

Իրադրության հետագա զարգացումները կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել. Հարությունյանը՝ Շոյգուին

2021-05-17 18:36 , Общество, 952

Իրադրության հետագա զարգացումները կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել. Հարությունյանը՝ Շոյգուին

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ այսօր՝ մայիսի 17-ին, կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

«Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ, չնայած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ադրբեջանցի զինվորականների մի քանի խմբեր վերադարձել են ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը նշանակում է, որ խնդիրն, ընդհանուր առմամբ, դեռևս չի հանգուցալուծվել։ Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները, շեշտելով, որ իրադրության հետագա զարգացումները կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։

ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, և որ պաշտոնական Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար»,-ասված է պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև մայիսի 14-ին. ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնակատարն իր ռուս գործընկերոջը վստահեցրել էր, որ բոլոր այն վայրերը, ուր ներխուժել են ադրբեջանցիները, գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ:

ՊՆ-ն այսօր տարածած մեկ այլ հաղորդագրությամբ էլ տեղեկացրել է, որ այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպում է անցկացվել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդների հետ:

«ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է ս.թ. մայիսի 12-ից սահմանների ճշգրտման պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ որոշ տարածքների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունն ու դրա զարգացման ընթացքը:

Նշվել է, որ չնայած այն հանգամանքին, որ, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, փաստացի խնդիրը դեռևս հանգուցալուծված չէ և Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակում են գտնվել ադրբեջանական զինվորականներ:

Նշվել է նաև, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն բացարձակ անընդունելի է, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր»,-տարածած տեղեկատվությամբ հայտնել է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Հայտնել էինք, որ մայիսի 12-ից սկսված բանակցությունները շարունակվելու են մայիսի 19-ին:

Лента

Рекомендуем посмотреть