ՀՀ առողջապահության նախարարությունից (ԱՆ) հայտնում են, որ Սիսիանում շարունակվում են ջրի նմուշառումները, հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ կետերում այն դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։
Ըստ հաղորդագրության՝ այսօրվա դրությամբ` Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 5 քաղաքացի, դուրս գրվել` 3-ը: Դեռևս բուժումը շարունակում է 11 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով:
«Մայիսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բակային համայցով հայտնաբերվել է ևս 43 հիվանդ:
Ընդհանուր առմամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 445 դեպք:
Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից»,-ասված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 9-11-ը վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնց վարակմանը պատճառը, ինչպես պարզվել էր օրեր անց, խմելու ջուրն էր եղել: ՀՀ ԱՆ-ից տեղեկացրել էին, որ մայիսի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ, աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով արձանագրված դեպքերի թիվը հասել է 370-ի: