Արդեն 6-րդ օրն է՝ «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ծառայողները՝ շուրջ 250 հոգի, ապօրինաբար հատել են Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը և դիրքավորվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, ու, չնայած հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողություններին, այս պահին դեռ շարունակում են գտնվել մեր ինքնիշխան երկրի տարածքում:
«Գործ ունենք, ըստ ամենայնի, մեծ հավանականությամբ, ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ»․ այս հիմնավորմամբ՝ մայիսի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ՝ Հավաքական Անվտանգության Պայմանագրի վերաբերյալ 2-րդ հոդվածով, որը սահմանում է․
«Մասնակից պետությունները միմյանց հետ կխորհրդակցեն իրենց շահերը շոշափող միջազգային անվտանգության բոլոր կարևոր հարցերի շուրջ և համաձայնության կգան այդ հարցերի վերաբերյալ: Մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:
Այսօր կառավարությունում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ, մայիսի 12-ից մեկնարկած ու մինչև երեկ ուշ երեկո ընթացած բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի օրը՝ մայիսի 19-ին։
ՀՀ պաշտպանության նախարարությունն այս օրերին տարածած հաղորդագրություններում՝ ընդհուպ երեկ, վստահեցնում է, որ «բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ստանալ, ապահովման բոլոր հնարավոր ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, այսինքն՝ նրանք զրկված են սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից»։
Ինչպե՞ս են ՀՀ քաղաքացիները գնահատում ստեղծված իրավիճակը և խնդրի լուծման ի՞նչ ուղիներ են տեսնում․ հարցախույզ՝ Երևանի փողոցներում։
Ի դեպ, հայ-ադրբեջանական սահմանին կատարվող զարգացումներից երկու օր անց միայն՝ մայիսի 14-ին, պաշտոնական Բաքուն արձագանքելով՝ հայտարարել է, թե ըստ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, եղանակային պայմանների բարելավումից հետո, տեղակայվում են Հայաստանին սահմանակից իրենց դիրքերում։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը միաժամանակ խորհուրդ է տվել Հայաստանի ռազմաքաղաքական շրջանակներին՝ «խուճապի չմատնվել, ընդունել միջպետական սահմանային ռեժիմի իրողությունը»։
Այսօր էլ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ունեցած հեռախոսազրույցում անհիմն է համարել Հայաստանի` ՀԱՊԿ-ին դիմելու որոշումը։
«Դա ոչ այլ ինչ է, քան խնդիրը միջազգայնացնելու փորձ, և դա, միանգամայն, անհիմն է՝ սահմանին ոչ մի բախում տեղի չի ունեցել, իրավիճակը կայուն է, բանակցությունները շարունակվում են»,-ընդգծել է Ալիևը։
Հավելենք՝ Հայաստանի դատախազությունը տարածքային ամբողջականության խախտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը