«Հայկական կողմը անհամարժեք է արձագանքում սահմանների հստակեցման գործընթացին»․ Ալիև - RadioVan.fm

Онлайн

«Հայկական կողմը անհամարժեք է արձագանքում սահմանների հստակեցման գործընթացին»․ Ալիև

2021-05-17 14:22 , Политика, 1434

«Հայկական կողմը անհամարժեք է արձագանքում սահմանների հստակեցման գործընթացին»․ Ալիև

«Հայկական կողմը անհամարժեք է արձագանքում սահմանների հստակեցման գործընթացին»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ունեցած հեռախոսազրույցում։

«Հայաստանի` ՀԱՊԿ-ին դիմելու որոշումը ոչ այլ ինչ է, քան խնդիրը միջազգայնացնելու փորձ, և դա, միանգամայն, անհիմն է՝ սահմանին ոչ մի բախում տեղի չի ունեցել, իրավիճակը կայուն է, բանակցությունները շարունակվում են»,-ընդգծել է Ալիևը։

Հիշեցնենք՝ արդեն 6-րդ օրն է՝ «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ծառայողները՝ շուրջ 250 հոգի, որոնք ապօրինաբար հատել են Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը և դիրքավորվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, չնայած հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողություններին՝ այս պահին դեռ շարունակում են գտնվել ՀՀ տարածքում:

Մայիսի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ՝ Հավաքական Անվտանգության Պայմանագրի վերաբերյալ 2-րդ հոդվածով, որը սահմանում է․

«Մասնակից պետությունները միմյանց հետ կխորհրդակցեն իրենց շահերը շոշափող միջազգային անվտանգության բոլոր կարևոր հարցերի շուրջ և համաձայնության կգան այդ հարցերի վերաբերյալ: Մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Այսօր կառավարությունում տեղի է ունեցած Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ, մայիսի 12-ից մեկնարկած ու մինչև երեկ ուշ երեկո ընթացած բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի օրը։

ՀՀ պաշտպանության նախարարությունն այս օրերին տարածած հաղորդագրություններում՝ ընդհուպ երեկ, վստահեցնում է, որ «բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ստանալ, ապահովման բոլոր հնարավոր ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, այսինքն՝ նրանք զրկված են սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից»։

Հայաստանի դատախազությունը տարածքային ամբողջականության խախտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть