Սյունիքում և Գեղարքունիքում իրադրության հանգուցալուծման համար բանակցությունները կշարունակվեն վաղը՝ 14։00-ին. ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Սյունիքում և Գեղարքունիքում իրադրության հանգուցալուծման համար բանակցությունները կշարունակվեն վաղը՝ 14։00-ին. ՊՆ

2021-05-15 23:08 , Политика, 1072

Սյունիքում և Գեղարքունիքում իրադրության հանգուցալուծման համար բանակցությունները կշարունակվեն վաղը՝ 14։00-ին. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվել են նաև այսօր։ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար, առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից և վերադառնալ իրենց ելման դիրքեր։

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը, մայիսի 16-ին, ժամը 14։00-ին։

Բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

Հիշեցնենք, որ երեկ, հայկական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարևորում են իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ հայտարարում, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են»։

Հիշեցնենք՝ արդեն 4-րդ օրն է՝ «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ծառայողները՝ շուրջ 250 հոգի, որոնք ապօրինաբար հատել են Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը և դիրքավորվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, չնայած հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողություններին՝ այս պահին դեռ շարունակում են գտնվել ՀՀ տարածքում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ ԶՈւ) պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ բոլոր այն վայրերը, ուր ներխուժել են ադրբեջանցիները, գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ:

Հայտնել էինք, որ մայիսի 12-ից սկսված բանակցություններն այսօր շարունակվելու են:

Лента

Рекомендуем посмотреть