Արցախում ներկայումս ուսումնասիրվում և հաշվարկվում են առաջնագիծը մշտապես խմելու ջրով ապահելու հարցը: Պիլոտային ծրագիրը բարեհաջող իրականացվել է Ջրականում (նախկինում՝ Ջաբրայիլ, որոշ դիրքեր ապահովված են մշտական ջրով): Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Առաջնագծում ծառայած և ծառայող մարդիկ լավ գիտեն այս ծրագրի իրական էֆեկտիվությունն ու գինը, իսկ զինծառայողների հետ անցկացվող զրույցների ժամանակ այս ծրագրի իրականացումը ամենանախընտրելիներից է:
Ծրագրի ներդրումը մեծ թվով խնդիրներ կլուծի. առաջին հերթին զինծառայողներին օրվա ընթացքում անսահմանափակ քանակությամբ ջրի օգտագործման հնարավորություն կընձեռվի: Երկրորդ, ջրի մեքենաները մշտապես հակառակորդի թիրախում են և անվտանգության առումով լուրջ խնդիրներ են ստեղծում վարորդների համար, ծրագրի իրականացմամբ այս վտանգն ամբողջությամբ կչեզոքացվի: Երրորդ, այն կապահովի ֆինանսական մեծ տնտեսումներ»,-գրառումը եզրափակում է Տիգրան Աբրահամյանը:
Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականի համաձայն՝ ծրագիրը սեղմ ժամկետներում շինարարական ակտիվ փուլ կտեղափոխվի: