«Գործ ունենք, ըստ ամենայնի, մեծ հավանականությամբ, ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ». Փաշինյանը հիմնավորել է ՀԱՊԿ դիմելու քայլը - RadioVan.fm

Онлайн

«Գործ ունենք, ըստ ամենայնի, մեծ հավանականությամբ, ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ». Փաշինյանը հիմնավորել է ՀԱՊԿ դիմելու քայլը

2021-05-14 23:38 , Политика, 1282

«Գործ ունենք, ըստ ամենայնի, մեծ հավանականությամբ, ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ». Փաշինյանը հիմնավորել է ՀԱՊԿ դիմելու քայլը

«Գործ ունենք, ըստ ամենայնի, մեծ հավանականությամբ, ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գործարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը: Ինչո՞ւ: Որովհետև լոկալ բախման տրամաբանության մեկնարկի պարագայում, հետագայում շատ դժվար կլիներ - դժվար կլիներ ոչ թե փաստական առումով, այլ աղմուկի մեջ հիմնավորել՝ ով որտեղ է կանգնել, ով է առաջինը կրակել, ով պիտի որտեղ լիներ և այդպես շարունակ: Այս պատճառով գործի է դրվել Հավաքական Անվտանգության Պայմանագրի վերաբերյալ 2-րդ հոդվածը»,-այդ մասին ՀՀ Ազգային ժողովում (ԱԺ) Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի քննարկման նպատակով հրավիրված արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության լրատվության վարչությունը ներկայացրել է Փաշինյանի ելույթն ամբողջությամբ.

«Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ,

Հարգելի պատգամավորներ,

Սիրելի հայրենակիցներ,

շատ կարևորում եմ այսօրվա քննարկումը: Երեկվանից Անվտանգության խորհրդի նիստում տեղի ունեցող քննարկումների ընթացքում մենք արձանագրում էինք, որ մենք պիտի ավելի բաց կոմունիկացվենք և հաղորդակցվենք և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության հետ, որովհետև, ճիշտ է, գաղտնիությունը՝ գաղտնիություն, բայց այդ գաղտնիությունը դաշտ է ստեղծում անհարկի շահարկումների, կեղծ լուրերի տարածման համար:

Տեղյակ եք արդեն, որ մայիսի լույս 12-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ ներկայացնող մի շարք խմբեր հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը և փորձել են դիրքավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մարտավարական կանխարգելիչ գործողություններ են իրականացրել՝ առանց հրազենի կիրառման և կանգնեցրել են ադրբեջանցիներին որոշ տարբեր խորությունների վրա: Ես արդեն հայտարարել եմ, որ, օրինակ, Սյունիքի մարզի Սև լճի տեղանքում ադրբեջանցիներին հաջողվել է մինչև 3,5 կմ առաջանալ:

Առաջին գործողությունը, որ արվել է Կառավարության, Պաշտպանության նախարարության, Անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարության կողմից, իրադրության գնահատումն է՝ թե ո՞րն է իրականում ադրբեջանցիների՝ այդտեղ հայտնվելու նպատակը: Եվ այս իրադրության գնահատումից է կախված մեր գործողությունների հետագա ամբողջ ընթացքը:

Մեր գնահատականը եղել է միանշանակ՝ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է Հայաստանի Հանրապետության տարածքում: Այսինքն՝ սա լոկալ ակցիա չէ մեկ բլուրի, մեկ լեռան կամ մեկ ինչ-որ կոորդինատի վերաբերյալ, և սա հիմնավորող մի քանի փաստարկներ կան:

Առաջին՝ տվյալ տեղանքում, և դուք գիտեք, էլի մի քանի տեղանքում նմանօրինակ, ավելի փոքր մասշտաբի գործողություններ են իրականացվել: Այդ տեղանքներում իրենց գտնվելը Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով, այսինքն՝ այդ տարածքները փորձելով ներկայացնել իբրև ադրբեջանական: Ես արդեն նշել եմ, որ Խորհրդային Միության ժամանակ հաստատված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի պնդումները որևէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները: Այսինքն՝ սա ինչո՞ւ է կարևոր: Իրենք գիտեն, որ Ադրբեջանի տարածքում չեն գտնվում:

Կարևոր է արձանագրել, որ սադրանքների մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15000 զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Սա չէր կարող զուտ պատահականություն լինել: Ըստ էության, 15000 զորք դուրս է բերվում մշտական տեղակայման վայրերից:

Հաջորդը՝ դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես ինքն է հորջորջում «Զանգեզուրի միջանցքի» տեսքով:

Եվ հաջորդ կարևորագույն փաստարկը՝ եթե մենք ուշադիր նայենք քարտեզին, կտեսնենք, որ Սև լիճը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավային հատվածի ամենանեղ հատվածում, որտեղ Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանների միջև հեռավորությունն ամենաքիչն է՝ բոլոր տեղանքներից, և սա նույնպես կարևոր արձանագրում է:

Ահա, այս փաստերի արձանագրման բերումով է, որ մենք, վերլուծելով իրավիճակը, որոշում ենք կայացրել՝ գործի դնել Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները: Այսինքն, եթե այստեղ խնդիրը լիներ մեկ տեղանքի, մեկ բլուրի վերաբերյալ, Պաշտպանության նախարարը և Գլխավոր շտաբի պետը զեկուցել են, որ այդ առումով ռազմական որևէ խնդիր չկա, և Հայաստանի զինված ուժերն ի վիճակի է արագ լուծել տեղային առումով հարցը:

Բայց քանի որ մեր վերլուծությունը ցույց է տվել, որ այստեղ գործ ունենք, ըստ ամենայնի, մեծ հավանականությամբ, ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գործարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը: Ինչո՞ւ: Որովհետև լոկալ բախման տրամաբանության մեկնարկի պարագայում, հետագայում շատ դժվար կլիներ - դժվար կլիներ ոչ թե փաստական առումով, այլ աղմուկի մեջ հիմնավորել՝ ով որտեղ է կանգնել, ով է առաջինը կրակել, ով պիտի որտեղ լիներ և այդպես շարունակ: Այսինքն՝ մեզ համար առաջին կարևոր գործողությունը, այս համատեքստում, կրկնում եմ - խնդրում եմ, ճիշտ հասկացեք, միայն այն պատճառով, որ մեզ համար ակնհայտ է եղել, որ այստեղ լոկալ խնդիր չէ - ամենակարևոր խնդիրը մեզ համար եղել է իրավիճակի հստակ արձանագրումը և ապացուցելիությունը հիմնավորելը:

Այս պատճառով գործի է դրվել Հավաքական Անվտանգության Պայմանագրի վերաբերյալ 2-րդ հոդվածը, որտեղ ասվում է. «Մասնակից պետությունները միմյանց հետ կխորհրդակցեն իրենց շահերը շոշափող միջազգային անվտանգության բոլոր կարևոր հարցերի շուրջ և համաձայնության կգան այդ հարցերի վերաբերյալ: Մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Երեկ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստում, ես երեկոյան ժամը 7-ին հանձնարարական եմ տվել Անվտանգության խորհրդի քարտուղարին, Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին՝ գործարկել Հավաքական Անվտանգության Պայմանագրով նախատեսված մեխանիզմները: Երեկ երեկոյան ժամը 7-ին: Երեկ երեկոյան՝ մինչև կեսգիշերն անց, անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստվել են, այսօր վաղ առավոտյան ուղարկվել են, արդեն միջազգային ընթացք է տրվել, և կեսօրից հետո բոլոր փաստաթղթերը համապատասխանաբար մուտք են արվել և հասցվել են հասցեատերերին:

Ես ուզում եմ արձանագրել, որ գործընթացը նախատեսում է հետևյալը. առաջինը նամակը պետք է ուղղվի Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության խորհրդի նախագահողին, տվյալ դեպքում՝ նախագահողը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն է, և ընթացակարգի առաջին գործողությունը նրան նամակով դիմելն է, որից հետո առաջիկա օրերին պետք է գործարկվի համատեղ կոնսուլտացիաների մեխանիզմը և ձևավորվի համատեղ գործողությունների առաջարկ՝ համաձայն ՀԱՊԿ 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգի: Անվտանգության խորհրդի քարտուղարն ավելի մանրամասն կներկայացնի, թե ինչ ընթացակարգեր և հնարավոր որոշումներ կարող են կայացվել այստեղ:

Ես ուզում եմ ընդգծել երկու կետ: Կետերից մեկով, իհարկե, Հավաքական Անվտանգության Պայմանագրի առաջնահերթություն է ստեղծված ճգնաժամային կամ նախաճգնաժամային իրավիճակը հանգուցալուծել քաղաքական եղանակներով: Բայց այստեղ նախատեսված է նաև, ուժի կիրառման պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով, ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության տարածքում նախազգուշական տեղակայման համար որոշում կայացնել և ՀԱՊԿ մեկ կամ ավելի անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակումը կանխելուն կամ հետ մղելուն ուղղված գործողությունների իրականացում: Այսինքն՝ հիմա մենք գործարկել ենք ռազմաքաղաքական անվտանգության մի մեխանիզմ, որտեղ նախատեսվում են ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմաքաղաքական, ուժային լուծումներ:

Նաև կարևոր եմ համարում ընդգծել, որ, ըստ էության, երեկվանից մեկնարկել են բանակցություններ՝ տվյալ իրավիճակը լուծելու ուղղությամբ: Եվ այդ բանակցություններում մեր դիրքորոշումը հստակ է և միանշանակ՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը: Այս դիրքորոշումն արձանագրված է որպես բանակցային բովանդակություն և այս դիրքորոշումը, ըստ էության, մեր գործընկերների՝ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության հետ մեր հաղորդակցության հիմքն է:

Ես ուզում եմ ձեզ հետ կիսել ամենավերջին տեղեկությունները: Այսօր բանակցություններն ընդհատվել են, և շարունակությունը տեղի կունենա վաղը 15:00-ին: Բայց ես ուզում եմ արձանագրել շատ կարևոր մի նրբություն. միջազգային հանրության համար և ՀԱՊԿ գործընկերների համար ընդհանրապես շատ կարևոր է պարզաբանումը, թե, ի վերջո, տվյալ կոորդինատներով տարածքը որ երկրին է պատկանում:

Այսօր բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով, և շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզները և ռուսական ռազմաբազայում առկա քարտեզներն աներկբա են դարձնում սահմանի և սահմանային գծերի կոորդինատների վերաբերյալ մեր պնդումները: Այսինքն՝ հիմա արդեն - կրկին եմ ասում՝ կարող է թվալ, թե ինչ կա այդտեղ քննարկելու, բայց քանի որ ադրբեջանցիներն իրենց հերթին պնդում են, որ իրենք ունեն քարտեզներ, համաձայն որոնց՝ դա իրենց տարածքն է, և ես ասել եմ արդեն, որ մենք ունենք հաստատված եռակողմ քարտեզներ - բայց շատ կարևոր է, որ այսօր արձանագրվել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի աշխատանքային քարտեզների համաձայն էլ՝ այդ տարածքը Հայաստանի Հանրապետության տարածք է:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ դա Հավաքական Անվտանգության Պայմանագրի տարածք է և Հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք է:

Սա կարևոր է նաև ռազմաքաղաքական առումով: Ի՞նչ առումով: Եթե ես ասացի՝ երեկ մենք դիմել ենք Հավաքական Անվտանգության Պայմանագրի 2-րդ հոդվածի հատկանիշներով: Ինչո՞ւ: Այդ հոդվածը վերաբերում է սպառնալիքին՝ որ կարող է լինել տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիք: Ինչո՞ւ ենք երեկ այդպես դիմել: Որովհետև մենք հասկացել ենք, որ մեր գործընկերներին պետք է ներկայացնենք հիմնավորումներ, որ դա հատկապես մեր տարածքն է:

Այսօր դա տեղի է ունեցել, այդ հիմնավորումը կայացել է, ինչը նշանակում է, որ արդեն իրավիճակը կարող է մեկնաբանվել նաև Հավաքական Անվտանգության Պայմանագրի 4-րդ հոդվածով, որտեղ ասվում է հետևյալը. «Եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա դա կհամարվի ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների նկատմամբ: Այն դեպքերում, երբ ագրեսիայի գործողություն է կատարվել մասնակից պետություններից որևէ մեկի նկատմամբ, մյուս բոլոր մասնակից պետությունները նրան կտրամադրեն անհրաժեշտ օժանդակություն, այդ թվում՝ ռազմական օգնություն, ինչպես նաև իրենց տրամադրության տակ եղած միջոցներով աջակցություն կցուցաբերեն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգի»:

Ուզում եմ ասել, որ կարող է թվալ, թե այս ընթացքում որևէ բան տեղի չի ունենում, բայց շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում արվում է կոնկրետ աշխատանք, և մենք անցնում ենք ճանապարհ: Եվ այսօրվա մեր արձանագրումը, շատ կարևոր է, այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, մենք, գնահատելով իրավիճակը, որոշել ենք նախ ձևակերպել հարցի իրավաքաղաքական կողմը, որպեսզի մեր դիրքավորումը ճիշտ լինի այս իրավիճակում:

Երեկ երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, և իրադրության վերաբերյալ մենք քննարկում ենք ունեցել: Այսօր, դուք տեղյակ եք, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները հայտարարել են, որ երեկ հեռախոսային խոսակցության ընթացքում ես ռազմական օգնություն Ռուսաստանի Դաշնության նախագահից չեմ խնդրել, չնայած որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա պայմանագրային բազան նման հնարավորություն տալիս է:

Ինչո՞ւ ես նման խնդրանքով չեմ դիմել: Մեկ պարզ պատճառով՝ նախ, առաջինը, մեր դիրքորոշումները եղել են, ըստ էության, նույնական. Ռուսաստանի Դաշնության նախագահն ասել է, որ ինքն էլ կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետության սահմանից անդին։ Եվ կա շատ ավելի կարևոր նյուանս, որ երեկ երեկոյան արձանագրվել է՝ որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը պետք է կատարեն այդ գործողությունը, այսինքն՝ հեռանան Հայաստանի սահմանից անդին, այսինքն՝ լքեն այն տարածքները, որոնք իրենք պետք է լքեն:

Ես ուզում եմ ասել, որ վերջին օրվա ընթացքում, այսինքն՝ երեկվանից մինչև այսօր, այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ, այսինքն՝ կան տեղեր, կան կետեր, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը լքել են։ Բայց քանի որ պայմանավորվածությունը չի կատարվել ամբողջությամբ, այսօր ես նաև նամակով դիմել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին: Այսինքն՝ երեկ չդիմելու պատճառը այն էր, որ արձանագրված էր ամենաբարձր մակարդակով, որ այսօր պետք է զորքերի դուրսբերում տեղի ունենա։ Բայց այսօր քանի որ բանակցությունների ընթացքը ցույց տվեց, որ, համենայնդեպս, այսօրվա ընթացքում պայմանավորվածությունը լիարժեք չի կատարվի, ես դիմել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ համաձայն 1997 թվականի «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի», «Հայ-ռուսական համատեղ զորախմբի վերաբերյալ պայմանագրի», Ռուսաստանի Դաշնությունը այս իրավիճակում, այդ թվում ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանի Հանրապետությանը։

Երեկ տեղյակ եք, որ ես հեռախոսազրույց եմ ունեցել նաև Ֆրանսիայի նախագահի հետ։ Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ: Ավելին, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, ասել է, որ ինքը դիտարկում է հարցի ներառումը, տեղափոխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ասել է, որ ՄԱԿ-ի անվտանգության մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին։ Իհարկե, շատ կարևոր եմ համարում, որ այս թեմայով Անվտանգության խորհրդի մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն, քննարկեն։ Իհարկե, մենք ուշի ուշով հետևում ենք այդ իրադարձություններին, և մեր դիրքորոշումները հստակ հայտնում ենք։

Հարգելի գործընկերներ,

սա է այսօրվա իրավիճակը։ Եվ ես ուզում եմ ասել, որ շատ է քննարկվում և խոսվում է դեմարկացիայի, դելիմիտացիայի մասին։ Ընդհանրապես, դեմարկացիա և դելիմիտացիա տեղի է ունենում այն պայմաններում, երբ երկրների միջև կան դիվանագիտական հարաբերություններ։ Բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ սահմանային որոշակի կետերի ճշգրտման գործընթացում - ես ասել եմ այդ մասին Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին - մենք, իհարկե, պատրաստ ենք, որովհետև հիմա մենք այդպիսի անհրաժեշտության առաջ կանգնած ենք։ Այսինքն՝ որպեսզի տեղանքում տեսնենք մեր սահմանը որտեղով է անցնում, և որտեղ ով ինչ կետեր կարող է զբաղեցնել։

Ընդհանրապես, մեր պատկերացումն այն է, և սրա մասին ես նախկինում ասել եմ, որ երկու կողմից սահմանի պահպանությունն իրականացնեն սահմանապահ զորքերը, և զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվեն մշտական տեղակայման վայրեր։ Մենք պատրաստ ենք այսպիսի լուծման: Այսինքն՝ սա նշանակում է, որ կլինի սահման կամ սահմանային կետերի շուրջ որոշակի պատկերացում, և երկու կողմից ներկա կլինեն միայն սահմանապահ զորքերը, ինչը, իհարկե, կնշանակի բոլորովին այլ ռազմաքաղաքական իրավիճակ։

Այսքանը՝ որպես ամփոփում այսօրվա իրավիճակի վերաբերյալ: Եվ թույլ տվեք ասել, իմ կարծիքով, գործարկված են այնպիսի մեխանիզմներ, որոնք վստահություն են տալիս, որ մենք այս ճանապարհով կկարողանանք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր Հայրենիքը։ Կրկին եմ ասում՝ շատ կարևոր է, որ այս իրավիճակում ավելորդ կրքեր չբորբոքվեն, էմոցիոնալ դրսևորումներ չլինեն։ Մենք քաղաքական բավական նուրբ իրավիճակում ենք գտնվում, նաև զերծ մնանք քաղաքական շահարկումներից։

Ես ասացի՝ այսօր իրավիճակն այն է, որ որոշ տեղերում դուրս են եկել ադրբեջանցիները, բայց նրանց ներկայությունը մեր տարածքում շարունակվում է։ Բոլոր այդ վայրերում, ինչպես Պաշտպանության նախարարն արդեն հայտարարել է, գտնվում են մեր Զինված ուժերի հսկողության ներքո, նաև այդ տարածքի կոմունիկացիաներն են գտնվում մեր Զինված ուժերի հսկողության ներքո։ Քանի որ մենք այս իրավիճակը միանշանակ գնահատում ենք, որ ոչ թե այստեղ տեղային խնդիր է փորձ արվում լուծել, այլ մեծամասշտաբ սադրանք է պլանավորվել, ես կարծում եմ, որ մինչև այս պահը մեր գործողությունները ճիշտ են, որովհետև այդ իրավիճակը հաջողվել է առնել հսկողության տակ և գործարկել որոշակի մեխանիզմներ, որոնք պիտի գործողության մեջ ցույց տան հավաքական անվտանգության միջազգային այն պայմանավորվածությունները և այն մեխանիզմները, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դաշնակից պետությունների հետ։

Շնորհակալ եմ»։

Лента

Рекомендуем посмотреть